Ռազմական ագեսիան ՀՀ-ին չի ստիպի փոխել դիրքորոշումը բանակցություններում․Խանդանյան
Ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է։ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ՔՊ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նման դիտարկում արեց ի պատասխան լրագրողի հարցի, թե ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ, երբ մի կողմից խոսվում է խաղաղության մասին, մյուս կողմից Ադրբեջանը գնալով ավելի ագրեսիվ է դառնում։
«ՀՀ կառավարությունն արդեն արել է առավելագույնը՝ ցույց տալու իր հանձնառությունը և նվիրվածությունը խաղաղության գործընթացին։ Սա ակնհայտ է նաև միջազգային գործընկերների համար։ Մեր կոչն է և պահանջը միջազգային գործընկներներին, որ զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»,- նշեց Խանդանյանը։
Անդրադառնալով միջադեպին, որ երեկ Ադրբեջանական կողմն թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, Խանդանյանը նկատեց․ «Կարող ենք տեսնել միտում, որ ցույց են տալիս իրենց դժգոհությունն այդպիսի նախագծի վերաբերյալ, բայց սա իմ ենթադրությունն է»։
Հարցին, թե կան խոսակցություններ, որ գործարանը կառուցվում է ամերիկյան ներդրումներով, ակնկալիք կա՞, որ դեպքին կարձագանքի ԱՄՆ-ն՝ պատգամավորը պատասխանեց․ «ՀՀ ԱԳՆ-ի երեկվա հայտարարությունը նաև այդ միտումն ուներ և նաև ես խորհրդարանական մակարդակում Կոնգրեսի գործընկերներին եմ տեղեկացրել այս միջադեպի մասին»։
Ռազմական կրկնվող ագրեսիայի ֆոնին, հնարավո՞ր են բանակցության գործընթացում դադարներ և հետաձգումներ․ «Ես չեմ կարծում, որ անհրաժեշտություն կա հետաձգումների, ընդհակառակը պետք է շարունակել պահպանել բանակցային գործընթացի դինամիկան։ Հույս ունեմ, որ վաշինգոտնյան բանակցություններն այս ամսվա ընթացքում, ի վերջո, կկազմակերպվեն կամ հնարավորինս մոտ ապագայում։ Եվ գիտեք , որ նաև երկրների ղեկավարների մակարդակում հունիսին է հանդիպում նախապատրաստվում՝ Բրյուսելում»։
Խանդանյանը նշեց նաև՝ ռազմական ագեսիան ՀՀ-ին չի ստիպի փոխել դիրքորոշումը բանակցություններում․ «ՀՀ-ին վերաբերող հարցերում ՀՀ կառավարության դիրքորոշումները հստակ են և որևէ իրավիճակ չի կարող փոխել դրանք»։



