հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՀՀ-ի վերաբերյալ զեկույց՝ ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում

ՀՀ-ի վերաբերյալ զեկույց՝ ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 40-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առցանց հարթակում Կոնգրեսն ընդունել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման շրջանակում Հայաստանի վերաբերյալ մոնիտորինգի զեկույցը։

Հայաստանի հարցով զեկուցողներ Գունն Մարիտ Հելկեսենը և Բրյոնի Ռուդկինը դրական են համարել տեղական ժողովրդավարության կայացման, տեղական և տարածքային բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի իրականացրած քայլերը՝ ընդգծելով Հայաստանի և Կոնգրեսի միջև ձևավորված կառուցողական համագործակցության մասին։ Համազեկուցողները կարծիք են հայտնել, որ անկախ գրանցված ձեռքբերումներից, Հայաստանը դեռ անելիքներ ունի տարածքային բարեփոխումները շարունակելու, ապակենտրոնացման, տեղական իշխանությունների լիազորությունների ընդլայնման և ֆինանսական ռեսուրսների ապահովման ուղղությամբ։ «Բոլոր փոփոխությունները և բարեփոխումներին ուղղված Հայաստանի ջանքերը կբացեն նոր հնարավորություններ և հեռանկարներ Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար։ Մենք հետաքրքրությամբ սպասում ենք հետագա համագործակցության ծավալմանը, որը մենք ձևավորել ենք ընթացիկ տարիներին Հայաստանի իշխանությունների հետ»,-նշել են համազեկուցողները։

Վերջիններս անդրադարձ են կատարել նաև կառավարության և ազգային ասոցիացիաների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը։

Հայաստանում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի իրականացման զեկույցի քննարկմանը հաջորդել են կարծիքների փոխանակում, որից հետո Կոնգրեսը միաձայն ընդունել է Հայաստանում տեղական ժողովրդավարության իրավիճակի վերաբերյալ զեկույցը։

Փոխնախարար Վաչե Տերտերյանն իր ելույթում երախտագիտություն է հայտնել Կոնգրեսին և քարտուղարությանը՝ քաղաքականության մշակման և տրամադրվող շարունակական տեխնիկական աջակցության բնագավառներում սերտ և լայն համագործակցության համար։ «ԵԽ-ին Հայաստանի անդամակցության ժամանակահատվածում մեր երկիրը ձևավորել է համագործակցության լայն շրջանակ, և այս համատեքստում կարևոր տեղ է գրավում տեղական ժողովրդավարության ձևավորման և դրա հետագա կատարելագործման աշխատանքները: Եվրոպայի խորհուրդը նպաստել է տեղական ինքնակառավարման արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ կայուն կառույցներ ստեղծելու հարցում մեր ազգային ջանքերին և միջազգային փորձի համադրմանը»,-նշել է Վ․ Տերտերյանն իր ելույթում:

Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունն ակտիվորեն օգտագործում է նաև ազգային ասոցիացիաների փորձագիտական ներուժը՝ ապահովելով նրանց մասնակցությունը տարբեր աշխատանքային խմբերում ու օրենսդրական նախաձեռնություններում։

Փոխնախարարը ներկայացրել է տեղական ժողովրդավարության ուղղությամբ Հայաստանի անելիքները՝ նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում համազեկուցողների աշխատանքը, գնահատականները և առաջարկությունները, որոնք, հաշվի կառնվեն հետագա աշխատանքում: «Մենք լավատես ենք այն արդյունքների վերաբերյալ, որոնց կարող ենք հասնել ՝ հիմնվելով մեր կառավարության շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության և Եվրոպայի խորհրդի արժեքավոր աջակցության վրա»,-ասել է Վ․Տերտերյանը:

 

  • Կիսվել: