կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՀՀ արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է. Մարուքյան

ՀՀ արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է. Մարուքյան

1992 թվականի այս օրը նշանավորվեց մեր ինքնիշխանության վերածնունդով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

՛՛Հայկական եռագույնը հպարտորեն բարձրացվեց ՄԱԿ-ի այլ ինքնիշխանությունների դրոշների շարքում, և մենք դարձանք համաշխարհային հանրության ճանաչված մաս: Այս օրը մենք ստացանք մեր ինքնիշխանությունը պաշտպանելու ամենակարևոր գործիքներից մեկը ՝ դիվանագիտությունը:

Դիվանագիտությունը մեզ թույլ է տալիս ապահովել ոչ միայն քաղաքական և տնտեսական կապերի աճը, և, հետևաբար, երկրի հզորացումը, այլ նաև պետական սահմանների պաշտպանությունը, ինքնիշխանության ամրապնդումը և ժողովրդավարական փոփոխությունները: Դիվանագիտությունը մեր աշխարհն առավել կայուն և կանխատեսելի դարձնելու միջոց է:

Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի և Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Յուջին Օ'Նիլի խոսքերով՝ «Դիվանագետն այն անձն է, ով պետք է քաղաքական գործիչների թմբուկի հուժկու զարկը վերածի տավիղի հնչյունների»:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների դիվանագետներին` Հայ դիվանագետի օրվա կապակցությամբ։ Այս բարդ ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության արտաքին ճակատն ամուր պահելը, պրոակտիվ դիվանագիտություն իրականացնելը շատ կարևոր է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: