ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակը չի մեկնաբանել Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա մեկնելու նախաձեռնությունը
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը չի մեկնաբանել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները ԼՂ շուրջ իրավիճակը քննարկելու համար Մոսկվա մեկնելու և ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն են հայտնել, ինչի համար արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը միջնորդել են վարչապետ Փաշինյանին և ստացել վերջինիս համաձայնությունը:
Մուսինյանը ilur.am կայքի հետ զրույցում նշել է. «Հիմա մեր երկիրը գտնվում է պատերազմական բարդ իրադրության մեջ, և ավելորդ տարըմբռնումներից ու շահարկումներից խուսափելու նպատակով, այս հարցին մենք հանգամանալից պարզաբանում կտանք միայն ճգնաժամի ավարտից հետո»։
Հիշեցնենք` Մանե Գևորգյանը այսօր հայտնել էր, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
Ըստ Գևորգյանի` վարչապետ Փաշինյանը համաձայնել էր առաջարկին: Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնեցին, Մոսկվա մեկնելու առաջարկը ստացվել է Արցախի պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի կողմից: Երեկ արդեն մարտի մեկի գործով որպես մեղադրալ անցնող Քոչարյանին դատարանը մինչև նոյեմբերի յոթը ներառյալ վերադարձրել է անձնագիրը: Սակայն արդեն այսօր պարզվել է, որ Քոչարյանը հիվանդ է կորոնավիրուսով և Մոսկվա չի կարող մեկնել, նա այժմ ինքնամեկուսացել է:
Իսկ ահա երրորդ նախագահ Սեր Սարգսյանի գրասենյակից չմեկնաբանեցին այն հարցը թե ինչու երրորդ նախագահը չի միացել առաջին և երկրորդ նախագահների նախաձեռնությանը: «Ես մեկնաբանություն չունեմ, իրենցից հարցրեք»,- InfoPort.am-ին ասաց երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը` չպարզաբանելով, թե «իրենք» ասելով, ում նկատի ունի: Հիշեցնենք սակայն, որ Սերժ Սարգսյանը մասնակցել է թե Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը, թե այն նույն կազմով Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ հանդիպմանը:


