հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը այդպես էլ չասաց, որ Արցախի տարածքները օկուպացվել են, հավանաբար իր և Չավուշօղլուի ընկերությունն էր պատճառը․ Հայկ Մամիջանյան

Արարատ Միրզոյանը այդպես էլ չասաց, որ Արցախի տարածքները օկուպացվել են, հավանաբար իր և Չավուշօղլուի ընկերությունն էր պատճառը․ Հայկ Մամիջանյան

Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած հայտարարություններին հայկական կողմի արձագանքը պետք է լիներ դեռ մեկուկես տարի առաջ, և ամբողջ դիվանագիտական կորպուսը պետք է օգտագործվեր ճշմարտությունը բարձրաձայնելու համար։ Այս իշխանությունները ունակ չեն մեր երկրի համար կարևոր ճշմարտություններ բարձրաձայնել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեին միջազգային հարթակները և ժամանակին հայտարարեին, որ Ղազախստան տեղափոխված տեռորիստները հնարավոր է՝ հենց Արցախից էին  տեղափոխվել, այս համատեքտում բարձրաձայնելով ԼՂՀ հարցի մասին։

«Հակառակորդ պետության ղեկավարի հնչեցրած հայտարարությունները Հայաստանի իշխանությունների ապիկարության արդյունքն է։ Մենք չենք կարողանում մեր ճշարտությունը բարձրաձայնել աշխարհում, չենք կարողանում աշխարհի համար ընկալելի լեզվով բարձրաձայնել այլ վայրագությունները, որոնք իրականացվել են Արցախի ժողովրդի հանդեպ, և հնարավորություն ենք տալիս թշնամուն կեղծիք ու սուտ տարածել։ Հիշեցնեմ, որ  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ ամբիոնից այդպես էլ չբարձրաձայնեց, որ Շուշին և Հադրութը օկուպացված տարածքներ են։

Ես չեմ հոգնելու սա կրկնել։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ ՀՀ ԱԳ նախարարը Ազգային ժողովի ամբիոնից չի բարձրաձայնում, որ Շուշին և Հադրութը օկուպացված են։ Հավանաբար իր և Չավուշօղլուի ընկերական կամ իր և իր ադրբեջանցի գործընկերոջ չգիտեմ ինչպիսի հարաբերությունները չփչացնելու համար։ Այլ բացատրություն ես այստեղ չեմ գտնում։ Դա անհերքելի փաստ և  հենց նմանօրինակ վախվորած հակահայկական արտաքին քաղաքականության արդյունքում թշնամու համար հնարավորություն է ստեղծվում նախահարձակ լինել և կեղծ մեղադրանքներ հնչեցնել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

  • Կիսվել: