հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայոց ցեղասպանություն. Ժամանակն է, որ Իսրայելը իրերն անվանի իրենց անուններով. The Jerusalem Post

Հայոց ցեղասպանություն. Ժամանակն է, որ Իսրայելը իրերն անվանի իրենց անուններով. The Jerusalem Post

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո Օսմանյան կայսրությունում հայ բնակչության ավելի քան 90 տոկոսը ոչնչացվեց, շատերի հետքը ջնջվեց՝ փոխանցում է հրեական The Jerusalem Post-ը, փոխանցում է 1lurer.am-ը:

1914-ին՝ առաջին աշխարհամարտի մեկնարկին, Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ: Սակայն 1922-ին մնացել էին 400 հազարից քիչ հայեր: 1.5 միլիոնը սպանվել էր: Շատ պատմաբանները զանգվածային այս սպանություններն անվանում են ցեղասպանություն, ինչին համամիտ է ավելի քան 30 պետություն: Սակայն որոշ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Ավստրալիան ու Իսրայելը, համաձայն չեն:

Տարիներ առաջ Մեծ Բրիտանիայի կառավարությանը խորհրդարանում հարցրին՝ արդյոք ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը: Երկրի արտգործնախարարը պատասխանեց, որ «ընդունում է պատմության սարսափելի դրվագն ու 1915-1916 թվականների սպանությունները ճանաչում որպես ողբերգություն»: Սա է բրիտանական կառավարության դիրքորոշումը: Սա էր նաև ԱՄՆ-ի դիրքորոշումը մինչև վերջին օրերը, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց ցեղասպանություն: Անմիջապես հետևեց Թուրքիայի արձագանքը, որն ամեն կերպ փորձում էր հերքել ու ժխտել ցեղասպանության փաստը: Անկարան նույնիսկ փորձեր արեց Ջո Բայդենին հետ կանգնեցնել Ցեղասպանությունը ճանաչելու որոշումից:

Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա հրեական պետությունը Բայդենի հայտարարությանն արձագանքեց արտգործնախարարի մակարդակով: Հրեա գլխավոր դիվանագետը 1915-ի իրադարձությունները բնութագրել է որպես «հայ ժողովրդի սարսափելի տառապանք ու ողբերգություն»՝ չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:

Սակայն Իսրայելի ձախ կենտրոնամետ «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լափիդը համաձայն չէ այս դիրքորոշմանը:

«Ես կշարունակեմ պայքարել, որ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պատասխանատվությունն է՝ որպես հրեական պետություն»,- հայտարարել է «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդը:

Իսրայելում, բացառությամբ «Յեշ Աթիդ» կուսակցության հայտարարության և մեդիայում այս թեմայի շուրջ որոշ քննարկումների, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ կառավարության դեմ ճնշումներն այնքան էլ շատ չեն: Սակայն պարբերականն ընդգծում է, որ ցեղասպանությունը ցեղասպանություն է, և Իսրայելը պետք է իրերն իրենց անուններով անվանի:

  • Կիսվել: