հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն. Զոհրաբ Մնացականյան

Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն. Զոհրաբ Մնացականյան

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մնում է մեր կարևորագույն օրակարգային հարցը: Այսօր Ազգային Ժողովում կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ լսումների ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքով, արտաքին գերատեսչության երկարամյա աշխատանքի արդյունքում Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ:

«Սա ինչպես մեր երկրում տեղի ունեցած ժողովրդավարական վերափոխումների, այնպես էլ միջազգային ասպարեզում մարդու իրավունքների պաշտպանության, այդ թվում ցեղասպանությունների կանխարգելման գործում Հայաստանի ներդրման գնահատականն է:

Այս առումով ցանկանում եմ անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ առաջնահերթության՝ ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղմանը, որին հանձնառության մեր հայտը ներկայացրել ենք դեռևս 1998թ., երբ Հայաստանի կողմից ՄԱԿ-ում նախաձեռնվեց և ընդունվեց Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված բանաձևը:

Հետագա տարիների ընթացքում առավել շեշտադրում ենք կատարել ցեղասպանության կանխարգելման և զոհերի ոգեկոչման վրա, ինչի արդյունք էր 2015թ. ՄԱԿ-ի կողմից ցեղասպանության զոհերի արժանապատվության և հիշատակի, ինչպես նաև ցեղասպանության կանխարգելման օրվա սահմանումը: Այս տարի մենք Մարդու իրավունքների խորհրդում ներկայացրել ենք ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նոր բանաձևի նախագիծ, որն ամփոփում է մինչ այդ արված աշխատանքը և ուրվագծում հետագա քայլերը»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը, Զոհրաբ Մնացականյանը հայտնեց, որ անցած տարի Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհերի ոգեկոչման ուղղությամբ եղել են մի շարք միջազգային նախաձեռնություններ:

Մասնավորապես, Ֆրանսիան սահմանել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Դատապարտման և ճանաչման նախաձեռնություններ են ընդունվել Իտալիայի և Պորտուգալիայի խորհրդարանների կողմից: Հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը հաստատող բանաձև, իսկ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի կողմից միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: 2020թ. փետրվարի 13-ին Սիրիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

«Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը վաղուց ի վեր ձեռք է բերել համամարդկային նշանակություն, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչումը ցեղասպանության հանցագործության կանխարգելման ամենագործուն քայլերից մեկն է: Այս առումով հատկանշանական են վերջին շրջանում Հայոց ցեղասպանության ճանաչման ենթատեքստերը, որոնք պայմանավորված են ոչ միայն դրանք ճանաչած ժողովուրդների և հայ ժողովրդի միջև բարեկամական հարաբերություններով, այլև աշխարհում և  տարածաշրջանում նոր ողբերգությունները կանխարգելելու ձգտմամբ:

Փաստորեն մեր տարածաշրջանում՝ լայն ընկալմամբ, ձևավորվել է այն գիտակցումը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն անվտանգության սպառնալիքը զսպող ուժ է»,- նշեց նա։

  • Կիսվել: