երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանում կբարձրացնի հայ ռազմագերիների, Ադրբեջանի վանդալիզմի հարցերը

Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ նստաշրջանում կբարձրացնի հայ ռազմագերիների, Ադրբեջանի վանդալիզմի հարցերը

 Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջիկա նստաշրջանում, որը կմեկնարկի ապրիլի 19-ին, հայկական պատվիրակության անդամների՝ ՀՀ ԱԺ պատգամավորների հիմնական խնդիրը կլինի Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների հարցի բարձրացումը՝ հնարավոր բոլոր ձևաչափերում, գերակա հարցերից է նաև Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմը: «Արմենպրես»-ի հետ զրույցում հայկական պատվիրակության անդամները մանրամասներ հայտնեցին առաջիկա նստաշրջանում սպասվող աշխատանքներից:

«Բնականաբար թիվ մեկ խնդիրը շարունակելու է մնալ գերիների հիմնահարցի բարձրացումը տարբեր հնարավոր ձևաչափերով՝ և՛ լիագումար նիստի շրջանակում, և՛ հանձնաժողովների նիստերի շրջանակում, և՛ քաղաքական խմբերում: Կարևոր խնդիրներից են նաև Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ոտնձգությունները, որոնք նորություն չեն, բայց շատ հստակ մշակված քաղաքականության շարունակությունն են: Այս հարցը ևս գտնվում է մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:

Հիբրիդային ձևաչափով անցկացվելիք նստաշրջանին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով ֆիզիկապես ներկա կլինի Ստրասբուրգում: Պատվիրակության անդամները վստահեցնում են, որ փորձելու են մաքսիմալ օգտագործել այդ 4 օրերը՝ պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակը ներկայացնելու՝ նաև ակնկալելով Ադրբեջանի կողմից տարվող քաղաքականության վերաբերյալ համապատասխան գնահատականներ: Պատվիրակության  անդամները ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինչպես ամեն անգամ, այնպես էլ այս անգամ նստաշրջանի շրջանակում կլինեն ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական հանդիպումներ տարբեր երկրների պատգամավորների հետ:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ միանշանակ հնարավոր է ԵԽԽՎ հարթակում մեծացնել Ադրբեջանի վրա ճնշումը՝ ռազմագերիների հարցով: «Եվ մենք ամեն ինչ պետք է անենք՝ ԵԽԽՎ հարթակում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու, որովհետև Ադրբեջանը պարտավոր է կատարել Ժնևի երրորդ կոնվենցիայի դրույթները, որը ենթադրում է ռազմագերիների և բոլոր գերեվարված անձանց վերադարձ՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Սակայն Ադրբեջանը համառորեն չի անում դա»,-ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորը հիշեցրեց նաև, որ եվրոպական դատարանն արդեն դիմել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին՝ առաջարկելով միջոցներ կիրառել Ադրբեջանի հանդեպ, որովհետև Ադրբեջանը հրաժարվում է Եվրոպական դատարանին տրամադրել հայ ռազմագերիների և գերեվարված անձանց մասին հստակ տեղեկատվություն:

«Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում, գրեթե չկա օր, որ մենք ադրբեջանական վանդալիզմի որևէ ակտի ականատես չլինենք»,-ասաց նա ու կարևորեց նաև հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական վանդալիզմի հարցի բարձրացումը ԵԽԽՎ-ում: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական՝ «Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող ՀԿ ղեկավար, ԵԽԽՎ պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հայտարարությանն առ այն, թե Ստեփանակերտում իրենց համայնքի գրասենյակն են բացելու, և իբր Ստեփանակերտում գրասենյակի տեղ են փնտրում՝ Զոհրաբյանն ասաց՝ չի կարծում, թե Թուրալ Գյանջալիևն այն կերպարն է, որին արժե անդրադառնալ ԵԽԽՎ բարձր ամբիոնից:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս վստահեցրեց՝ ամեն ինչ անելու են, որ գերիների հարցը քննարկման առարկա դառնա, սակայն թե կոնկրետ որ ձևաչափում, պարզ կլինի միայն ապրիլի 19-ին: «Մենք մեր ունեցած բոլոր մեխանիզմները, ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ օգտագործելու ենք»,-շեշտեց նա:

Մարուքյանի կարծիքով՝ ԵԽԽՎ-ն այս պահին միակ հարթակն է մնացել, որտեղ հարցը ազդեցիկ ձևով ներկայացվում է: «ԵԽԽՎ-ն միակ մարմինն է, որտեղ ներկայացված են 47 երկրների ազգային խորհրդարաններ, մարդիկ, որոնք իրենց երկրի ներսում ազդեցություն ունեն պետական օրակարգի վրա: Դրա համար այդ մարդկանց վրա լոբբինգ անելն ազդում է 47 անդամ պետության արտաքին քաղաքականության վրա»,-ասաց պատգամավորը:

Տաթևիկ Հայրապետյանը ևս այն կարծիքին է, որ խորհրդարանական դիվանագիտությունը դիվանագիտության կարևոր օղակներից է: «Այն երբեմն շատ ավելի անմիջական շփման հնարավորություն է տալիս, և իսկապես ճիշտ կիրառելու դեպքում կարող է շատ շոշափելի արդյունքներ գրանցել: Եվ մենք էլ փորձում ենք մաքսիմալ այդ հարթակը օգտագործել, դրանցից կարևորագույններից է ԵԽԽՎ հարթակը»,-ասաց նա:

ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանի շրջանակում նախատեսված են մի քանի կարևոր հանդիպումներ, հարց ու պատասխաններ: Ելույթով հանդես է գալու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, քննարկում է լինելու նաև Թուրքիայում մարդու իրավունքների հիմնահարցի թեմայով: Միգրացիայի հարցերով հանձնաժողովում, որտեղ ներկայացված են Տաթևիկ Հայրապետյանն ու Նաիրա Զոհրաբյանը, քննարկվելու է պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ իսլանդացի պատգամավորի զեկույցը: Պատգամավորները հանձնաժողովներում այդ հարցերի բարձրաձայնումն իսկապես շատ կարևոր համարեցին, որ դրանք հետագա արձագանքներ ստանան նաև լիագումար նիստի շրջանակներում: Նրանք վստահեցրին՝ մի քանի հստակ խնդիրներ են դրել իրենց առաջ և փորձելու են մաքսիմալ արդյունք գրանցել:

Թեև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 8-րդ կետով հստակ շեշտվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, սակայն Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է այս գործընթացը՝ ամբողջությամբ հետ չվերադարձնելով հայ ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը թե պատերազմի ընթացքում, թե հրադադարի հաստատումից հետո թիրախավորել է հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության նմուշները: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը երկու անգամ հրթիռակործել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին: Հետո, արդեն օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանը, ադրբեջանցիները հիմնահատակ վերացրել են Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին: Նրանք ավերել են նաև Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անվանմամբ հայտնի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին:

  • Կիսվել: