երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
«Հայինկասացիան» լուծարվեց. Ո՞ր կազմակերպությունը կկատարի նրա գործառույթները

«Հայինկասացիան» լուծարվեց. Ո՞ր կազմակերպությունը կկատարի նրա գործառույթները

«Հայինկասացիան» ՓԲԸ-ն սույն թվականի հունիսի մեկի որոշմամբ լուծարվել է: Հատկանշական է, որ այդ գործընթացը տեղի է ունեցել անաղմուկ, առանց ավելորդ հրապարակայնության: Միայն azdarar.am կայքում, ինչպես և պահանջում է օրենքը, հունիսի մեկին տեղադրվել է ՓԲԸ-ի լուծարման մասին համապատասխան հայտարարություն և վերջ:

Թերևս «Հայինկասացիայի» լուծարումն էլ մնար ստվերում շատ այլ հիմնարկների նման, եթե չլիներ ՓԲԸ-ի մի խումբ աշխատակիցների ահազանգը InfoPort.am-ի խմբագրություն առ այն, որ աշխատանքային օրենսդրության և իրենց իրավունքների կոպիտ խախտմամբ, իրենց օգոստոսի մեկից ազատում են աշխատանքից: Ըստ ահազանգի այս ամբողջ գործընթացի ակունքներում կանգնած է գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Փորձեցինք հասկանալ՝ ինչու՞ է ընդունվել «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարման մասին որոշումը և     ի՞նչ կապ ունի այս գործընթացի հետ Խաչատուր Սուքիասյանը:

Առաջին հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար դիմեցինք ՀՀ ԿԲ: Կենտրոնական բանկից մեր գրավոր հարցմանը ի պատասխան տեղեկացրեցին, որ լուծարման գործընթացը տեղի է ունեցել «Հայինկասացիա» ՓԲԸ միակ բաժնետիրոջ որոշմամբ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: «Ներկայում, ձևավորված է լուծարային հանձնաժողով, որին անցել են ընկերության գործերի կառավարման լիազորությունները և որի կողմից միջոցներ են ձեռնարկվում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Ինչ վերաբերում է ընկերության լուծարման պատճառներին, ապա ԿԲ-ից փոխանցեցին, որ ներկայում, ինկասացիոն ծառայությունների շուկան կայացած է, համապատասխան ընկերությունների քանակը զգալիորեն ավելացել է, ինչով էլ դրամաշրջանառության կազմակերպման խնդիրն, ըստ էության, ապահովված է: «Ուստի, նկարագրված հանգամանքների ուժով ՀՀ կենտրոնական բանկի հետագա ներգրավվածությունը նշված ոլորտում դիտվել է աննպատակահարմար: Վերջում հավելենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որդեգրվել է իր առանցքային գործառույթների հետ չկապված ձեռնարկատիրական գործունեության ոլորտներում` դուստր ընկերություններում ներգրավվածությունը հետևողականորեն դադարեցնելու, նվազեցնելու քաղաքականություն, որպիսի դիրքորոշումը ձևավորվել է նաև ՀՀ կենտրոնական բանկի միջազգային գործընկերների հետ խորհրդակցությունների ընթացքում»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ:

Վերլուծելով ԿԲ հաղորդագրությունը` կարելի է գալ այն եզրահանգման, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ի լուծարումը պայմանավորված է նրա գործառույթների նվազման և աննպատակահարմարության հետ:

Այդ դեպքում ի՞նչ կապ ունի այս ամբողջ պատմության հետ գործարար Խաչատուր Սուքիասյանը, ինչու՞ էին լուծարված ՓԲԸ-ի աշխատակիցները մեզ հետ զրույցում շարունակ հնչեցնում իր անունը:    

Այս հարցի պատասխանը, ըստ էության տալիս է  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը իր  ֆեյսբուքյան գրառմամբ: «Հին տերերին փոխարինել են նոր տերերը․․․ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական ընկերությունը ներկայացնում է «Հայինկասացիա» ՓԲԸ մի քանի տասնյակ աշխատակիցների շահերը։ Ինձ են փոխանցվել տեղեկություններ և փաստաթղթեր, որոնց հետազոտությունից հետևում է, որ «Հայինկասացիա» ՓԲԸ-ն լուծարվելու է, իսկ վերջինիս գործառույթները «պատվիրակվելու են» (իրականում տրվելու են) «Արարատինկասացիային», որն էլ հիմնավոր թվացող տվյալների համաձայն՝ պատկանում է Խաչատուր Սուքիասյանին (Գռզո)։ Հարցի քաղաքական և խնամի-ծանոթական հետևությունները թողնում եմ ուրաքանչյուրիդ։ Դե իսկ հայտնի սցենարի համաձայն՝ «Հայինկասացիայի» աշխատակիցներն էլ մնում են անգործ, քանի որ «Արարարտինկասացիան» ինքը պետք է որոշի իր ուժերն ու միջոցները»:

Արդյո՞ք «Հայինկասացիայի» լուծարումը նպատակաուղղված գործընթաց էր, որպեսզի նրա լիազորությունները պատվիրակվի գործարար Սուքիասյանին պատկանող «Արարատինկասացիա» ընկերությանը, արդյո՞ք այս ամբողջ գործընթացներում տուժելու են «Հայինկասացիայի» աշխատակիցները` այս դժվարին պայմաններում մնալով անաշխատանք: Այս և այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ «Սիլ գրուպ» կոնցերնի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից, ով սակայն մեզ հետ զրույցում գտնվեց բավականին լակոնիկ. «Մենք այդ ամենի հետ որևէ առնչություն չունենք»:          

Թերևս Մկրտչյանի հավաստման իսկությունը կապացուցվի հիմնարկի շուրջ հետագա գործընթացներում, իսկ մենք կհետևենք դրանց:

  • Կիսվել: