Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի. «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը
«Ապրելու երկիր» կուսակցությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ:
Ուղերձում ասվում է. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը հիշում ենք նոր իրականության ներքո, երբ 107 տարի անց էլ թուրքական հայատյացության քաղաքականությունը մնում է արդիական։
Թեև աշխարհի համար հայոց ցեղասպանությունը անբեկանալի փաստ է, սակայն դրա դատապարտման արդյունավետ դրսևորումների բացակայությունը աշխարհում թույլ տվեց մի շարք նոր ցեղասպանություններ։
Հայերի նկատմամբ ցեղասպանական քաղաքականության ականատեսը եղանք նաև Արցախյան շարժման տարիներին՝ Բաքվում, Սումգայիթում, Մարաղայում։ Իսկ ահա Արցախյան վերջին պատերազմից հետո մինչև օրս էլ Ադրբեջանի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությունը արժանանում է Թուրքիայի անթաքույց աջակցությանը։
Հայաստանի Հանրապետությունը, դիտարկելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, թեև Ցեղասպանության ճանաչումը՝ որպես նախապայման առաջ չի քաշում, սակայն այս հանգամանքը չի կարող անտեսվել և առնվազն պետք է հանդիսանա Թուրքիայի իրական նպատակները ճիշտ գնահատելու և հետևություններ անելու կարևոր ազդակ։
Հայերի ապրելու անկոտրուն կամքն այլընտրանք չունի։ Նոր ցեղասպանությունների կանխարգելման և մեր նախնիների հիշատակի արժանապատիվ հարգելու միակ միջոցը Հայաստանի և Արցախի հզորացումն է՝ համայն հայության բացառիկ համախմբմամբ։