երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաթափված որոշ գյուղեր բնակեցվում են ադրբեջանցիներով, հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում. Փաշինյան

Հայաթափված որոշ գյուղեր բնակեցվում են ադրբեջանցիներով, հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ հայ փախստականների վերադարձի իրավունքը մինչև օրս իրացված չէ, թեև դա արձանագրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին: 

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նշեց, որ օրերս փախստականների իրավունքների բարձրաձայնմամբ զբաղվող ՀԿ-ների կողմից կազմակերպվել է համաժողով՝ «Ադբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները» խորագրով, որի արդյունքում ընդունվել է հռչակագիր, որով բարձաձայնվում են հարյուր հազարավոր հայ փախստականների իրավունքները: Դրանում ընդգծվել է փախստականների՝ կամավոր վերադարձի իրավունքը: Պատգամավորը հետաքրքրվեց, թե ՀՀ-ն մարդկանց ոտնահարված իրավունքների մասով պատրաստվո՞ւմ է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որ այդ մարդկանց իրավունքները բարձաձայնվեն միջազգային ատյաններում:

Վարչապետն ասաց, որ այդ հռչակագրի բովանդակությանը ծանոթացել է, բարձրացրած հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է:

«Մեր կառավարությունը փախստականների իրավունքների պաշտպանության հարցում նաև որոշակի լուրջ որոշումներ է կայացրել: 2019-ին մենք Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների բնակարանային ապահովման ծրագիր իրականացրեցինք: Բայց, որ ընդհանուր առմամբ կան ինստիտուցիոնալ խնդիրներ, ես համաձայն եմ»,-ասաց Փաշինյանը:

Նա առաջարկեց աշխատանքային քննարկմամբ մանրամասն քննարկել այդ հարցը, որպեսզի հասկանալի լինի, թե ակնկալիքները կառավարությունից ինչպիսին են: 

«Այո, մենք գիտենք, որ այդ խնդիրը կա: Հայաստանում կան Բաքվի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձած, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձած մարդիկ, ԼՂ-ից և շրջակա տարածքներից փախստականների խնդիրը կա, որն արձանագրված է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Տեղյակ եմ, որ համաժողովում ներկայացված են եղել նաև նախիջևանահայության ներկայացուցիչները: Հարցը բավականին ծավալուն է, նաև լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում արձանագրված է ԼՂ և հարակից տարածքներ փախստականների վերադարձի իրավունքը՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: «Բայց մենք նաև տեսնում ենք, որ մեր հայրենակիցների այդ իրավունքը մինչև օրս իրացված չէ, որը թղթի վրա արձանագրված է: Ավելին՝ տեսնում ենք, որ հայաթափված որոշ գյուղեր Ադրբեջանի կողմից բնակեցվում են ադրբեջանցիներով: Ըստ էության, այդ տարածքների հայ բնակչության ունեզրկման գործընթաց է տեղի ունենում, ինչը պետք է վերլուծվի»,-ասաց վարչապետը: 

  • Կիսվել: