շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ. Փաշինյան

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ։ Այս մասին բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից։

Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք։ Մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային միության փլուզման պահին և ունեցել են Խորհրդային միության սահմաններում դե յուրե իրավական հիմք»։

Խոսելով ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին՝ Փաշինյանն ասել է. «Եվ վերջերս շատ հետաքրքիր արձանագրում էր արվել, երբ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներն ասում են, որ իրենք առաջարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Սա, կներեք, բայց Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի ֆունկցիոնալը ոչնչացնող հայտարարություն է, որովհետև ինքը Հայաստան-Ադրբեջան սահման պիտի գար որպես Հայաստանի դաշնակից և ոչ թե որպես խաղաղապահ կամ խաղաղարար: Ես նկատի ունեմ՝ շատ են ասում, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այսպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ի մասին այնպես ասաց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այս արեց, Հայաստանը ՀԱՊԿ-ում այն արեց, բայց Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել: Ինչ-որ ՀԱՊԿ-ին արել է՝ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարությամբ, գործողություններով և անգործությամբ:

Եվ այս պայմաններում մենք չենք կարող ուղղակի ձևացնել, թե այդ ամեն ինչը չենք նկատում: Մենք այսօր գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, և ինչպես տեսնում եմ՝ եթե չի հատել կազմակերպությունում մեր մասնակցության տաքացման անհնարինության գիծը, բայց եթե այսպես շարունակվի, ես նկատի ունեմ՝ այն քաղաքական դիրքորոշումները, որ արտահայտում են, ակնհայտ է, որ նաև այդ գիծը կհատվի: Այսինքն՝ առնվազն եթե այսպես ասենք՝ վերամասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում կդառնա գործնականում անհնարին»:

  • Կիսվել: