հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հայաստանը համարձակորեն վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը համարձակորեն վերահաստատում է ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդների Թագավորություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հաագայում այցելել է Խաղաղության պալատ: Այստեղ վարչապետին դիմավորել է Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները:

Վարչապետը նախ շրջայց է կատարել Խաղաղության պալատում, այնուհետև վերջինիս բակում մասնակցել հայկական խաչքարի բացման արարողությանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, որ այսօր, այս գեղեցիկ առավոտը մեզ հետ եք խաղաղության և արդարության քաղաքում, Խաղաղության պալատի տարածքում՝ Խաղաղության տաճարում, ինչպես ասել է Էնդրյու Քարնեգին ավելի քան 100 տարի առաջ, և որտեղ գտնվում է այնպիսի կարևոր միջազգային հաստատություն, ինչպիսին Արդարադատության միջազգային դատարանն է։

Ինձ համար մեծ պատիվ է իմ ազգի անունից կատարել հայկական խաչքարի բացումը՝ որպես նվեր Հայաստանից։

Սա պատմություն է, որը մենք այսօր կերտում ենք Ձեզ հետ միասին, քանի որ հայկական խաչը կանգնեցվում է մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք։

Կան ավելի քան 50000 խաչքարեր, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն առանձնահատկությունը: Խաչքարերի սիմվոլիկան և վարպետությունը 2010 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Խաչքարը հայ մշակույթի զարգացման յուրօրինակ դրսևորում է. այն հայկական ինքնության ամենատիպիկ խորհրդանիշներից է։ Ունենալով ավելի քան հազարամյա պատմություն՝ խաչքարը նաև ժամանակակից մշակութային երևույթ է:

Հազարամյակներով Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց Հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը` տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյաբանական սպառնալիքներին, որոնց մինչ այժմ առերեսվում է իմ ազգը։

Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում, թե այլուր։

Խաչքարը հայ մշակույթի գլուխգործոցն ու խորհրդանիշն է, նրա էությունը և իր մեջ ունի խաղաղության պատգամ՝ փորագրված դարերի ընթացքում անձեռնմխելի մնացող քարի մեջ։ Ահա թե ինչու խաչքարն է ընտրվել որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու հայերի այն սերունդներին, ովքեր ներդրում են ունեցել աշխարհում խաղաղության հաստատմանը։

 

Այս նվիրատվությունով Հայաստանը համարձակորեն վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հաագայի Միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոները շնորհակալություն է հայտնել Խաղաղության պալատին հայկական խաչքար նվիրելու համար և վստահություն հայտնել, որ այն իր ուրույն տեղը կզբաղեցնի վերջինիս տարածքում:

  • Կիսվել: