երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Հայաստանը համահայկական պետություն է, Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին․ Վարչապետի ուղերձը

Հայաստանը համահայկական պետություն է, Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին․ Վարչապետի ուղերձը

Այսօր կայացած անվտանգության խորհրդի նիստում, որի օրակարգային հարցերից մեկը եղել է Ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փաստաթղթի ոչ միայն տեքստը, այլ նաև կոնտեքստը:

Ազգային անվտանգության հարցը քննելիս, ըստ վարչապետի, նախ պետք է քննել մեր ազգային ինքնության հարցը։ «Մեր ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:

Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է:

Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայն իր գործողությունները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք ընդհանրապես, այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել՝ իմանալով անցյալը, մտածել ոչ միայն ներկայի ու ապագայի, այլև հազարամյա հորիզոնի մասին: Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ»,-հայտարարել է վարչապետը:

Նրա խոսով, ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ինչպես նաև ապագայի ձգտումներով, որն օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ:

«Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետության տարածքում և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից: 2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ինչպես և մենք այսօր այնպիսին չենք, ինչպիսին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբերություն 2000 տարի առաջ ապրած հայի, մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային:

Եվ այդ ուղերձի հիմնական իմաստն այն պիտի լինի, թե ինչն է իրեն կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ և որոնք են այն պայմանները, որ պիտի ուժեղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Մյուս կողմից, այդ կապը կապանք չպիտի՛ լինի: Այն ոչ թե պիտի հետ քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգևորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակությունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու և գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգևի: Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ:

Այս է պատճառը, որ Ազգային անվտանգության ռազմավարության առաջաբանում հարկ եմ համարում գծագրել հենց այսպիսի ուղեգիծ, որը ձևակերպված է ստորև:

Ընդ որում, այդ ասելիքի համար որպես բնաբան ընտրել եմ Վահան Տերյանի հայտնի տողերը, որը հնչում է հետևյալ կերպ. Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս – Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Եվ ուրեմն, մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:

Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին», -ներկայացրել է վարչապետ:

  • Կիսվել: