երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանը դեսպանություն կհիմնի Հունգարիայում

Հայաստանը դեսպանություն կհիմնի Հունգարիայում

Հայաստանը դեսպանություն կհիմնի Հունգարիայում, համապատասխան որոշումը կընդունվի կառավարության նոյեմբերի 28-ի նիստում։

Ըստ հիմնավորման՝ այս տարվա մայիսի 6-ին Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարները պայմանավորվածություն էին ձեռք բերել փոխադարձության սկզբունքով դեսպանություններ բացելու։ Արտգործնախարարությունը հույս է հայտնել, որ սա թույլ կտա ավելի ընդլայնել համագործակցությունը՝ նոր լիցք հաղորդելով տարբեր ոլորտում համագործակցությանը։

Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունները կասեցրել էր 2012-ի թվականին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջան և անմիջապես ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից:

Հայ-հունգարական դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2022-ի դեկտեմբերի 1-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպմանը։

2023-ին Հունգարիայում Հայաստանի դեսպան էր նշանակվել Աշոտ Սմբատյանը՝ նստավայրը Վրաստան։

  • Կիսվել: