ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշակերտական աշխատաժողով. ԿԳՄՍՆ

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է աշակերտական աշխատաժողով. ԿԳՄՍՆ

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հետազոտենք և բացահայտենք աշխարհը» խորագրով աշակերտական աշխատաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը և ԵՊՀ-ն:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատաժողովին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 7-12-րդ դասարանների շուրջ 200 աշակերտներ, որոնք տարբեր մասնագիտական բաժանմունքներում ներկայացրել են իրենց կատարած հետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները: Միջոցառման նպատակն էր խթանել դպրոցում հետազոտական աշխատանքների իրականացումը, նպաստել աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և բուհ-դպրոց համագործակցության ընդլայնմանը։

Ներկաներին ողջունել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝  կարևորելով աշակերտների մասնակցությունն աշխատաժողովին:

«Սովորողակենտրոն լինելը նշանակում է ստեղծել պայմաններ ու միջավայր, որտեղ մեր սովորողները կհասկանան, որ իրենց լսում են, և իրենց խոսքը կարևոր է: Մենք ձեզ լսում ենք ոչ միայն, որ դուք մեր աշակերտներն ենք, այլ որովհետև ձեզնից շատ բան ունենք սովորելու։ Սա է զարգացման ճանապարհը, և մեր դերը ձեզ ուղղորդելն է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` վստահություն հայտնելով, որ այս միջավայրը կնպաստի նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը։

Փոխնախարարը կարևորել է, որ կրթությունը չի ավարտվում դպրոցով, այլ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:

«Այսօր աշակերտները, ներկայացնելով իրենց  նախագծերը, նպաստում են նախագծային ուսուցման ամբողջական ձևավորմանը, ինչը մենք փորձում ենք հանրակրթության պետական նոր չափորոշիչով պարտադիր դարձնել»,- փաստել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ նմանօրինակ աշխատաժողովները կլինեն պարբերական։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` աշխատաժողովը ևս մեկ հնարավորություն է՝ ցույց տալու մասնակիցների ազատ մտքի թռիչքը:

«Ուրախ եմ, որ աշակերտներն իրենք են ընտրել թեմաները և զարգացրել քննական-վերլուծական միտքը: Այն մանկավարժները, որոնք խրախուսում են ազատ, անկաշկանդ վերլուծական միտքը, անգնահատելի ներդրում են ունենում Հայաստանի հետագա զարգացման գործընթացում»,- շեշտել է ռեկտորը:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է նաև ԿԶՆԱԿ-ի կրթական նորարարությունների և հետազոտությունների վարչության պետ Լիլիթ Մկրտչյանը. «Պատահական չէ, որ աշխատաժողովի կազմակերպման գործընկեր ընտրեցինք ԵՊՀ-ին: Մայր բուհը ոչ միայն սովորելու, այլև գաղափարներ արարելու միջավայր է: Եղել են դեպքեր, երբ մեկ աշակերտի հետ աշխատել է անգամ 2-3 ուսուցիչ՝ ստեղծելով միջառարկայական կապերի փայլուն օրինակներ: Կարևոր է, թե ինչպես են խնդրի շուրջ համախմբվել ուսուցիչն ու աշակերտը և հետազոտություն կատարել»:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես են եկել նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը և ՀՀ դպրոցների տնօրեններ:

Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանցի Մերի Հայրապետյանը ներկայացրել է «Արվեստը և արհեստը միջնադարյան Հայաստանում» թեման: Նա միջնադարյան արհեստների զարգացումը կապել է այսօրվա հետ՝ առաջարկելով նոր մեթոդներով զարգացնել նաև ներկայիս մշակույթը և արդյունաբերությունը:

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 9-12-րդ դասարանների աշակերտները ներկայացրել են «Բուլլինգը և նրա հետևանքները» թեման: Մեզ հետ զրույցում աշակերտները նշել են, որ թեման ընտրել են՝ հաշվի առնելով, որ բուլլինգը մեծ ազդեցություն ունի հասարակության տարբեր շերտերի վրա, և հատկապես թիրախ են հանդիսանում 13-15 տարեկան դեռահասները:

«Մենք առաջարկել ենք, որ այս թեման շատ քննարկվի համայնքներում և դրանցից դուրս, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի և չդառնա բուլլինգի զոհ»,-շեշտել են դպրոցականները:

Կոտայքի մարզի Քաղսիի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բաժանմունքում ներկայացրել են «Ձմեռային մարզաձևերը Հայաստանում. ոլորտի խնդիրներն ու զարգացման տեսլականը» թեման: Նրանք առաջարկել են Հայաստանում խթանել դահուկային սպորտի մասսայականացումը, որը կնպաստի նաև ձմեռային մարզաձևերի զարգացմանը և թույլ կտա ավելի պատշաճ ներկայանալ աշխարհին:

Այսպիսով՝ աշխատաժողովը մասնակից աշակերտներին հնարավորություն ընձեռեց լայն լսարանին ներկայացնելու իրենց կատարած հետազոտական աշխատանքները, կատարելագործելու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունները, զարգացնելու հաղորդակցական հմտությունները, ստեղծագործական միտքը, ինչպես նաև կապեր հաստատելու այլ դպրոցների աշակերտների հետ։

Աշխատաժողովի մասնակից բոլոր աշակերտներին տրվել են վկայականներ։ Միջոցառման ավարտին ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները հանդես են եկել երաժշտական կատարումներով:

  • Կիսվել: