հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանում 3 քաղաքացու մոտ կորոնավիրուսի կրկնակի դեպք է գրանցվել․ Առողջապահության նախարար

Հայաստանում 3 քաղաքացու մոտ կորոնավիրուսի կրկնակի դեպք է գրանցվել․ Առողջապահության նախարար

Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի դեպքեր գրանցվել են, այսօր Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց՝ եթե քաղաքացին չի ունեցել սիմպտոմ և չի դժգոհել, ինչո՞ւ է տեստավորվել, Թորոսյանը պատասխանեց, որ մոտ հիսուն քաղաքացու փորձնական տեստավորել են և նրանցից մի քանիսի մոտ վարակը հայտնաբերվել է կրկնակի

Նրա խոսքով, գիտնականների շրջանում վեճեր են ընթանում՝ արդյոք ընդհանրապես կորոնավիրուսը կրկնվում է անձանց մոտ, թե դա ոչ ամբողջական, ոչ համալիր բուժման հետևանք է։

«Հիմա գիտնականները ավելի հավանական են համարում այն, որ կրկնվում է այն դեպքում, երբ վիրուսի ոչ ակտիվ մասնիկը մնում է հյուսվածքներում, չի բազմանում, նրա ՌՆԹ-ն առկա է բջիջների մեջ և մենք պարզապես թեստավորելուց հայտնաբերում ենք։

Ամեն դեպքում մեր ունեցած մի քանի դեպքերը, որոնք թվով 3-ն են, նրանք գանգատ չունեն, որևէ սիմպտոմ, անհանգստացնող բան չունեն, բայց նրանց մոտ դուրս գրումից 3 շաբաթ հետո վիրուս է հայտնաբերվել», -ասաց նախարարը։

Նա նաև տեղեկացրեց, որ այդ քաղաքացիներն այժմ մեկուսացված են։ «Գիտական ինֆորմացիայի հասանելի լինելու դեպքում, մենք կիմանանք՝ ինչ անել։ Նման դեպքեր հայտնաբերվել էին Չինաստանում ու Հարավային Կորեայում, և հենց Հարավային Կորեայի գիտնականներն էին եկել այն եզրահանգման, որ դա ոչ թե կրկնակի վարակում է, այլ վիրուսի մասնիկների պահպանում է բերանի խոռոչի հյուսվածքներում, որը կարող է լինել ապաակտիվ վիճակում», -ասաց նախարարը՝ ընդգծելով, որ պետք է պահպանել պաշտպանվելու կանոնները։

  • Կիսվել: