երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին քննարկում այս պահին չկա. Ռուբինյան

Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին քննարկում այս պահին չկա, առանց այլ մանրամասների «Ազատության»-ը փոխանցեց հայկական կողմի բանակցող, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը մինչ օրս պաշտոնական չորս հանդիպում են ունեցել, վերջինը շուրջ մեկուկես տարի առաջ Վիեննայում: Հենց այդ հանդիպմանը պաշտոնյաները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Իրականացման հարցում, սակայն, առաջընթաց չկա:

Օրերս ԵԱՀԿ նախարարական հավաքին մասնակցող Հայաստանի արտգործնախարարը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս կարևորել էր Հայաստան-Թուրքիա սահմանի բացումն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը:

«Ինչպես տեղյակ եք, մենք համաձայնություն ենք ձեռք բերել բացել ցամաքային սահմանը 3-րդ երկրների և դիվանագիտական անձնագրեր կրող՝ Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար, ինչը վերահաստատվել է նախարար Ֆիդանի կողմից հոկտեմբերի 23-ի մեր երկկողմ հանդիպման ժամանակ: Եվ նույնիսկ հստակ ժամկետներ են նշվել՝ նկատի ունենալով առաջիկա շաբաթները, և հուսով ենք, որ մոտ ապագայում մենք կյանքի կկոչենք այս առաջին, սակայն բավականին շոշափելի քայլը», - նշել է Միրզոյանը։

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Թեհրանում «3+3» հանդիպման շրջանակներում տեղի ունեցած այդ հանդիպումից անցել է ավելի քան մեկ ամիս: Լռությունն այսօր խախտեց պաշտոնական Երևանը՝ հայտնելով, որ հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման:

«Հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ», - «Ազատության»-ը փոխանցեցին արտաքին գերատեսչությունից:

Պայմանավորվածությունների իրականացման շուրջ կա՞ն արդյոք հստակ սահմանված ժամկետներ, թե՝ ոչ, արտաքին քաղաքական գերատեսչությունից ասացին՝ նախարար Միրզոյանի ելույթին ավելացնելու ոչինչ չունեն: Հոկտեմբերի վերջին խորհրդարանում բյուջեի քննարկումների ժամանակ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացման շուրջ լավատեսական հայտարարություն էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այդ օրը Փաշինյանը նաև հայտնեց, որ հայկական կողմը Մարգարայի կամրջի սահմանային հատվածում վերազինման և վերականգնման էական աշխատանք է իրականացրել: Այդ կամուրջը փակ է 1993 թվականից: Հայաստանը Թուրքիային կապող ամենակարճ ավտոճանապարհը կարճ ժամանակով բացվեց փետրվարին, երբ հայկական բեռնատարները օգնություն էին տանում երկրաշարժից տուժած աղետի գոտի:

  • Կիսվել: