ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով. Կուբայի դեսպանը՝ Խաչատուրյանին

Մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով. Կուբայի դեսպանը՝ Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օսկար Սանտանա Լեոն:

Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, հաջողություններ և արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

Հանրապետության նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է. 

«Համոզված եմ, որ Ձեր նշանակումը մեծ նշանակություն կունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք իրոք բարեկամական երկրներ ենք և աշխարհագրական հեռավորությունը չի խանգարում մեր բարեկամությունը շարունակելուն: Կուբան հանրահայտ երկիր է աշխարհում, նաև յուրահատուկ երկիր է և 1959 թվականից հետո ավելի հանրահռչակ է դարձել: Մենք համոզված ենք, որ այն ձեռքբերումները, որոնք ունեցել եք այդ տարիների ընթացքում և որոնք ունեք շարունակական են լինելու: Ձեր նշանակմամբ նաև մենք ավելի կակտիվացնենք մեր համատեղ անելիքները»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և շնորհավորական խոսքերի համար՝ նորանշանակ դեսպանը նշել է. 

«Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այս ընդունելության և ջերմագին խոսքերի համար: Չնայած նրան, որ մեր երկրները փոքր երկրներ են, մենք կարողացել ենք պահպանել մեր բարեկամական հարաբերությունները բավական երկար տարիներ և չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդները բավական նմանություններ ունեն հատկապես իրենց սրտամոտ լինելու առումով»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կուբայի համագործակցության համար հնարավորությունները՝ մասնավորապես առողջապահության, բարձր տեխնոլոգիաների և գյուղատնտեսության ոլորտներում:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը նորանշանակ դեսպանին մանրամասներ է հայտնել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ: Վահագն Խաչատուրյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակմանն ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի վտանգին:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի համագործակցությունը և շեշտվել երկկողմ հարաբերությունների սերտացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը:

  • Կիսվել: