երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Հայաստանի նախագահի հետ քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ. Անջեյ Դուդա

Հայաստանի նախագահի հետ քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ. Անջեյ Դուդա

Գնահատում ենք Հայաստանի ներուժը, ինչպես նաև անցած ուղին, պատմությունը, հարուստ մշակույթը: Մենք շատ ենք գնահատում Հայաստանի մերձեցումը եվրոպական քաղաքականությանը և քաղաքակրթությանը, և մեզ համար շատ մեծ արժեք է Հայաստանի հետ քաղաքական կապերն էլ ավելի ակտիվացնելն ու մեր համագործակցությունները տարբեր ոլորտներում, ինչպիսին է տնտեսականը, զարգացնելը: Այդ մասին մենք խոսել ենք այսօր պարոն նախագահի հետ: Կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը մեր՝ նախագահներիս միջև, որ սկսվել է 2 տարի առաջ, հենց սկզբից մեծ զարգացման ներուժ ուներ: Կցանկանայի, որպեսզի Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունն ընդլայնվի նաև այլ ոլորտներում: Այդ մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ ասուլիսին ասաց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան:

«Այսօր խոսեցինք համագործակցության վերաբերյալ նոր տեխնոլոգիաների մասին, խոսեցինք նաև կլիմայական պաշտպանության, կանաչ էներգետիկայի վերաբերյալ, քննարկեցինք կարևորագույն տնտեսական ոլորտները, որտեղ տեսնում ենք զարգացման ներուժ և երկուստեք համագործակցություն:

Խոսել ենք ամենակարևոր քաղաքական թեմաներից, որոնք կապված են անվտանգության հետ:

Ոչ ստաբիլ իրավիճակի մասին խոսեցինք: Հիմա կարող եմ հիշատակել լեհական տեսանկյունից մեր տարածաշրջանում առկա անկայունությունը (նկատի ունեմ ագրեսիվ գործողությունները, որոնք Ռուսաստանը իրականացնում է Ուկրաինայի նկատմամբ). մեր տարածաշրջանում էլ կա ինչպես անկայունություն, այնպես էլ Լեհաստան ժամանող փախստականներ՝ ոչ միայն Լեհաստան, այլև եվրոպական այլ երկրներ: Այդ պատերազմական իրավիճակներն իրենց ազդեցությունն ունեն անմիջականորեն Կովկասի վրա. Ռուսաստանն իր դոմինանտ գործողություններն է ցանկանում իրականացնել այս տարածաշրջանի վրա: Մենք դա տեսնում ենք, բայց ցանկանում ենք, որ բոլոր կոնֆլիկտները խաղաղությամբ ավարտվեն»,- նշեց Լեհաստանի նախագահը:

  • Կիսվել: