Հայաստանի իշխանություններն իրենք են վարկաբեկել ՀԱՊԿ-ը․ Քոչարյան
Եթե չկռվես, ոչ ոք քո փոխարեն չի կռվի։ Այս մասին այսօր ասուլիսում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ոչ ոք չի ասել, որ Երեւանը երկկողմանի կարգով է դիմել Ռուսաստանի Դաշնությանը (44-օրյա պատերազմի ժամանակ)։ Ավելին, ՀՀ իշխանություններն իրենք են վարկաբեկել ՀԱՊԿ-ին եւ քրեական հետապնդում սկսել կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ։ «ՀԱՊԿ-ի նկատմամբ վերաբերմունքն անընդունելի էր»,- ավելացրել է Քոչարյանը։
Երկրորդ նախագահը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը «չի պայքարելու մի սարի համար, որտեղ 9 ամիս ձյուն է նստած»։ «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ երբ երկիրն ինքը չի ուզում պայքարել իր հողի համար, ինչ-որ մեկը կպայքարի դրա համար, դա այդպես չէ։ Հիշեք, թե ինչ կատարվեց Սեւ լճի հետ: Ռուսաստանի Դաշնությունում, ի դեպ, հսկայական տարածքներ կան, որտեղ 12 ամիս ձյուն է տեղում, ի՞նչ է, Ռուսաստանը դրանցից պետք է հրաժարվի՞։
Եթե չկռվես, ոչ ոք քո փոխարեն չի կռվի։ Եթե գլխավոր շտաբի պետն է ասում, որ (թշնամին) սոված կմնա ու կհեռանա... հանճարեղ միտք է։
Պատերազմում կարելի է պարտվել: Բայց եթե ծնկի եք իջել, ոչ ոք ձեզ չի օգնի, դուք այլեւս վստահելի գործընկեր չեք։ Մենք խնդիր ունենք, որ կարծում ենք, որ բոլորը մեզ պարտական են, քանի որ մենք վերապրել ենք ցեղասպանությունը եւ պարտավոր են օգնել։ Բայց միջազգային հարաբերություններն այդպես չեն աշխատում։ Եթե ոչինչ չես ներկայացնում, քեզ ոչ ոք չի օգնի, առավելագույնը մարդասիրական օգնություն կուղարկեն»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։