երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները գերազանց են և շարունակում են զարգանալ․ Մնացականյան

Հայաստանի և Իտալիայի հարաբերությունները գերազանց են և շարունակում են զարգանալ․ Մնացականյան

Հայաստանի արտգործ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Rai News 24» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայ-իտալական հարաբերությունները գնահատել է գերազանց։ «Մենք ունենք համատեղ աշխատանքի դարավոր ավանդույթներ, և  կշարունակենք այդպես անել, քանի որ այդ հարաբերությունների հիմքում մարդկությունը քաղաքակրթական բարձր արժեքներով հարստացնելու պատմական համագործակությունն է»,- հայտարարել է Մնացականյանը։

Նախարարը նաև նշել է, որ ողջ աշխարհի հայերը շնորհակալ են Իտալիային և իտալական խորհրդարանին անցյալ տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար։

Մեկնաբանելով ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի քննարկման վրա դրված վետոն՝ ԱԳՆ նախարարն ընդգծեց Միացյա Նահանգների մասնակցության կարևորությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման և Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման գործում։ «Աշխարհում իրականացված յուրաքանչյուր ցեղասպանության ճանաչում պարտավորեցնում է կանխել հաջորդ ցեղասպանությունը, տալ հստակ ազդակ նրանց, ում հետապնդում են, և այն մասին, որ այլևս չկա ոչ մի անպատժելիություն»,-հայտարարել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է նաև Սիրիայի իրավիճակին։ Այդ երկրի հյուսիսում քրիստոնյա փոքրամասնության անվտանգությունը, նրա կարծիքով, վտանգված է թուրքական ներխուժման պատճառով։
«Մեր հայրենակիցները Սիրիայի քաղաքացիական բնակչության մասն են և ամեն օր ստիպված են դիմակայել անորոշության սպառնալիքին, որը սրվում է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ներխուժմամբ»,- նշել է Մնացականյանը՝ խոստանալով միջազգային հանրության հետ բազմակողմ աշխատանք սիրիական ազգային փոքրամասնություններ պաշտպանության նպատակով։

  • Կիսվել: