շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

 

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: 

Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:

Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում: 

«Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը:

 

  • Կիսվել: