շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են․ «Հայաստանի Հանրապետություն» 

Հայաստանի անվտանգային կապիտալի բաղադրիչները համալրվում են․ «Հայաստանի Հանրապետություն» 

« Հայաստանի Հանրապետություն»  թերթը գրում է․ «Նախիջեւանում սկսվել են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները, որոնք արդեն 5-րդն են վերջին ամսվա ընթացքում: Նախորդ օրը «Eternity-2021» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային վարժանքներ էլ մեկնարկել են Թբիլիսիում, որի ընթացքում Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի զինվորականներն ու համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները կդիտարկեն տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման խնդիրները: Թյուրքական պետություններն ավելի են ինտենսիվացնում ռազմական փոխգործակցությունը, ինչի արդյունքում ադրբեջանական զինված ուժերն աստիճանաբար համապատասխանեցվում են թուրքական չափանիշներին, մյուս կողմից էլ պաշտոնական Անկարան զորավարժությունների քողի տակ զենք եւ զինամթերք է մատակարարում պատերազմում մեծ կորուստներ կրած Ադրբեջանին: Բացի այդ, զորավարժությունների նման ինտենսիվության պայմաններում թուրքական կանոնավոր բանակի ստորաբաժանումները փաստացի մշտապես Ադրբեջանի տարածքում են, մասնավորապես՝ Նախիջեւանում:

Այլ կերպ ասած՝ Թուրքիան փաստացի ռազմաբազա ունի Ադրբեջանում՝ առանց մշտական տեղակայման վայրի: Զորավարժությունները միայն շղարշ են Ադրբեջանի տարածքում թուրքական բանակի ներկայության համար: Բաքվի եւ Անկարայի աճող ռազմական ակտիվության համայնապատկերում շատ խոսուն են Իրանի խոշորամասշտաբ զորավարժություններն Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների սահմանին: Մինչեւ 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելը, տարածաշրջանում հավասարակշռություն պահպանող եւ հակամարտության հարցում չափազանց չեզոք-դիվանագիտական կեցվածք ունեցող Թեհրանից այսօր Բաքվի հասցեին չդադարող կոշտ հայտարարություններ են հնչում: Բնականաբար, այստեղ խնդիրը ոչ այնքան Արցախի տարածքների մի մասի օկուպացիան է, որքան դրանից հետո Իրանի համար ի հայտ եկած անվտանգային լուրջ սպառնալիքները: Թեհրանի նման աննախադեպ կոշտ կեցվածքը պաշտոնական Բաքվի նկատմամբ կարող է փաստել միայն մեկ իրողության մասին՝ մեր հարավային հարեւանը հետախուզական հստակ տվյալներ ունի Արցախի օկուպացված տարածքներից իրեն ուղղված սպառնալիքների մեծացման վերաբերյալ:

Իրանի հյուսիսում լայնածավալ զորավարժությունների հրամանատար՝ ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար Քիումարս Հեյդարին հայտարարել է, որ վստահ չեն, թե պատերազմից հետո ահաբեկիչները դուրս են բերվել տարածաշրջանից: Պարսիկ բարձրաստիճան զինվորականն իր այդ հայտարարությամբ միանշանակ հաստատում է, որ Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային ահաբեկչական կազմավորումներ են ներգրավված եղել, մյուս կողմից էլ չի բացառվում, որ իրանական հետախուզությունը հստակ տեղեկություններ ունի նաեւ Աֆղանստանից «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների զինյալների ներգրավման մասին: Այդ միտման մասին առաջինն ահազանգեց Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս իր ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի: Լիովին իրատեսական են նաեւ ԶԼՄ-ներով տարածվող այն տեղեկությունները, թե Բաքվի մյուս գործընկերը՝ Իսրայելը արդեն իր հետախուզական ստորաբաժանումներն է տեղակայել Արցախից զավթած տարածքներում: Պատահական չէ, որ պատերազմից 1 տարի անց էլ Ադրբեջանը դեռ չի բնակեցրել այդ տարածքները: Նախրոդ օրը Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը փորձեց պատասխանել Իրանի հայտարարություններին: «Մենք չենք ընդունում ադրբեջանա-իրանական սահմանին որեւէ երրորդ ուժի առկայության, այդ ուժերի սադրիչ փորձերի մասին պնդումները, քանի որ այդ հայտարարությունները հիմք չունեն»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաեւան: Այստեղ հատկանշական է, որ նույն ձեւով պատերազմի օրերին այդ երկրի ղեկավարը հերքում էր սիրիացի ջիհադիստների ներկայությունն ադրբեջանական բանակում:

Էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված Իրանի հյուսիսի Ատրպատականի հատվածում անջատողականության հրահրումն այդ երկիրն ապակայունացնելու ամենահավանական սցենարն է: Նկատենք, որ եթե Իրանի եւ Թուրքիայի հետ սահմանային այդ հատվածներում Թեհրանին հաջողվել է սահմանամերձ հատվածներում քրդերի միջոցով էթնիկ հարաբերակցությունը փոխել, ապա Ադրբեջան-Իրան սահմանի ողջ երկայնքով Պարսկաստանի էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված գյուղեր են, եւ վերջինս այդ իրողությունն անվտանգային առումով չի կարող չդիտարկել:

Այսպիսով՝ Իրանը հասկացել է, որ իրականում արցախյան պատերազմի հետեւանքով հյուսիսային սահմանի մոտ իր դեմ գործողությունների հերթական պլատֆորմն է ձեւավորվել: Այնտեղ տեղակայված ահաբեկչական կազմավորումներն արգելված են նաեւ ՌԴ-ում: Պատահական չէ, որ հենց արցախյան պատերազմի օրերին եւ առավել եւս դրա ավարտից հետո ռուսական հատուկ ծառայություններն ավելի հաճախ են սկսել հայտնել ՌԴ տարածքներում ահաբեկիչների բացահայտման եւ չեզոքացման դեպքերի մասին: Թուրքիայի ներկայությունն իր հարավային մուլթիէթնիկ սահմանների մոտ, բնականաբար, Մոսկվան չէր կարող խանդավառությամբ ընդունել, իսկ Կասպից ծովում ադրբեջանաթուրքական զորավարժությունները կոպիտ եւ ցինիկ ուղերձ էին Ռուսաստանի հասցեին: Բանն այն է, որ 2018 թ. ընդունված՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրվում է այդ ջրերում արտատարածաշրջանային ուժերի զինված ուժերի ներկայությունը կանխելու մասին դրույթը, ինչպես նաեւ սահմանվում է, որ Կասպից ծովի հինգ պետությունը՝ Ռուսաստանը, Իրանը, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը, պատասխանատու են ծովում անվտանգության պահպանման ու ռեսուրսների կառավարման համար: Ադրբեջանը բացահայտ խախտում է կոնվենցիան, ինչը ուղղված է եւ՛ Իրանի, եւ՛ ՌԴ-ի դեմ:

Ստեղծված իրավիճակում անտրամաբանական կլիներ, եթե Հայաստանում զորավարժություններ չանցկացվեին մեր ռազմավարական գործընկերոջ եւ ռազմաքաղաքական անվտանգային համակարգի՝ ՀԱՊԿ-ի զինված ստորաբաժանումների հետ: Սեպտեմբերի 24-ին մեկնարկած «Գռոմ 2021» ՀԱՊԿ արագ արձագանքման ստորաբաժանումների, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների երկու առանձին զորավարժությունները տարածաշրջանում մկանները ցուց տալու գործընթացն ավելի ամբողջական դարձրին:

Թուրքիան էլ, զորավարժությունների քողի տակ Նախիջեւան զորքեր մտցնելուց բացի, մեծ քանակով զորք եւ ռազմատեխնիկա է մոտեցրել Իրանի հետ սահմանամերձ շրջաններին: Ուժերի ցուցադրման այս գօրծընթացը, ամենայն հավանականությամբ, այսքանով էլ կավարտվի: Որեւէ ուղղությամբ պատերազմի մեկնարկի հավանականությունը մոտ ապագայում գեթե 0-ական է, եւ օրինաչափ է, որ առաջին հերթին հետնահանջ քայլ կատարեց Ադրբեջանը: Իրանական կոշտ հռետորաբանության պայմաններում պաշտոնական Բաքվում, չգիտես ինչու, միանգամից վերհիշեցին տարածաշրջանային համագործակցության 3+3 ձեւաչափը, որն արդեն երկար ժամանակ մոռացության էր մատնված: Իրանի դեմ գործողություներին այսօր պատրաստ չէ առաջին հերթին Թուրքիան, մյուս կողմից էլ՝ եվրոպական երկրները դրա համար նախադրյալներ չեն տեսնում, քանի որ Իրանը նորընտիր նախագահի հետ փորձում է կարգավորել իր հիմնական խնդիրը՝ միջուկային հիմնահարցը: Իրանի նախագահը հասցրել է մի քանի անգամ հայտարարել, որ ատոմային զենք չի նախատեսում ստեղծել եւ պահանջում է, որ ԱՄՆ-ը վերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, որտեղից միանկողմանի դուրս էր եկել:

Եթե այս ուղղությամբ բանակցությունները բնականոն ընթանան, ապա հավանականությունը շատ փոքր է, որ այս փուլում Իրանի հետ զինված բախում սկսվի, բայց այս զորավարժություններով Իրանը մի քանի ուղերձ է հղում տարածաշրջանի խաղացողներին եւ աշխարհին: Նա զորավարժությունների միջոցով ավելի լսելի ձեւով կրկնում է, որ միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխություն չի հանդուրժի իր սահմանների մոտ: Մյուս հիմնարար ուղերձն այն է, որ Իրանը պարզ տեքստով հայտարարեց, որ իր անվտանգությանը սպառնալիք տեսնելու դեպքում կհարվածի Ադրբեջանին, իսկ այդ գործողության հավանականությունը բազմիցս ապացուցել է Սիրիայում եւ Իրաքում:

Իրանի հյուսիսում իրավիճակի ապակայունացումը չի բխում Հայաստանի եւ ՌԴ-ի շահերից, քանի որ այն կբերի ողջ տարածաշրջանի ապակայունացման: Այս փուլում Հայաստանի, ՌԴ-ի եւ Իրանի տեսակետները համընկնում են, եւ դա հայկական կողմն անխուսափելիորեն կվերածի իր համար անվտանգային կապիտալի մի կարեւոր բաղադրիչի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: