«Հայաստան» դաշինքը ՍԴ-ում վիճարկում է պատգամավորներին 250 հազարական դրամներ տալու եւ պարգեւատրումների համակարգը
Պարգեւատրման համակարգը վիճարկվելու է, ըստ էության ամբողջությամբ, բայց այն մասով, որը վերաբերում է քաղաքական պաշտոնյաների` այսինքն` հանրապետության նախագահ, վարչապետ, նախարարներ, նախարարաի տեղակալներ, պատգամավորներ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Այսօր ՍԴ է մուտքագրվելու դիմում, թվով 7-րդ դիմումը, որը կրկին մշակվեց մեր կողմից, վերաբերելու է 250 հազար դրամները պատգամավորներին փաստացի որպես աշխատավարձ տրամադրելուն որի իրավաչափ նպատակը սոցիալ-տնտեսական այս բարդ պայմաններում առհասարակ հասկանալի չէ եւ ընդունելի էլ չէ եւ երկրորդ հանգամանքը դա պարգեւատրման համակարգն է: Պարգեւատրումը տրամադրվում է կատարողականի համար, պատգամավորներին ինչի՞ համար են տալիս»,-ասաց նա:
Արամ Վարդեւանյանը նշեց, որ իրենք ՍԴ-ին միջնորդել են, որ 250 հազարականների մասով դրա գործողությունը կասեցվի:
«Առաջիկայում նաեւ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգանք, մինչեւ ՍԴ որոշումները կփորձենք նաեւ էդ ճանապարհով հարցին լուծում տանք»,- հավելեց նա: