«Հայաստան» դաշինքը Չարենցավանում խոստացել է վերադարձնել Հայաստանի արդյունաբերական հզորությունը
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, մայիսի 17-ին քարոզարշավ են անցկացնում Կոտայքի մարզում։
Չարենցավան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը ելույթներ են ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Իշխան Սաղաթելյանը, դաշինքի անդամ Աղվան Վարդանյանը։
Ռոբերտ Քոչարյանն իր ելույթում անդրադարձել է Չարենցավանի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ իր առաջնորդած դաշինքի առաջարկներին։
«Չարենցավանը եղել է արդյունաբերական քաղաք, այստեղ եղել են տարբեր արդյունաբերական գործարաններ։ Ես գիտեմ, որ դուք այսօր այդ խնդիրն ունեք, և մեր ծրագիրն է մեր երկրին վերադարձնել արդյունաբերական հզորությունը։ Չի կարող երկիրը համարվել ժամանակակից, հզոր, մրցունակ երկիր՝ առանց արդյունաբերության։ Եվ մենք սա ամրագրել ենք մեր ծրագրերում»,- ասել է Քոչարյանը։
Նա նշել է, որ իշխանության գալու դեպքում պետք է փորձեն զարգացնել տարածքները։ Նրա խոսքով՝ սխալ է, որ ամեն ինչ կենտրոնանում է միայն մայրաքաղաք Երևանում։ «Չի կարող Հայաստանում լինել միայն մեկ քաղաք՝ Երևանը։ Դա սխալ քաղաքականություն է։ Շատ լավ է, մենք հպարտանում ենք մեր Երևանով, բայց չի կարող Հայաստանը դառնալ քաղաք-պետություն, մենք այդպիսի տարածաշրջանում չենք ապրում։ Մենք այս հարցը շտկելու ենք»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ Ռոբերտ Քոչարյանը կոչ է արել հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և քվեարկել իրենց ուժի օգտին։ Դաշինքի անդամները մայիսի 17-ին քարոզարշավի շրջանակներում կլինեն նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն բնակավայրում և Աբովյան քաղաքում։


