ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել. փոխնախարար

Հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել. փոխնախարար

Հայ-վրացական հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, միևնույն ժամանակ ռազմավարական գործընկերության համատեքստում դեռ շատ անելիք կա։ «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
 
«Իմ կարծիքով` վերջին տարիներին այս երկրների միջև հարաբերություններում բավականին խորքային փոփոխություններ են տեղի ունեցել, տրանսֆորմացիա են ապրել։ Նախկինում Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն առավելապես կառուցվում էին միմյանց չվնասելու սկզբունքով, իսկ այսօր տեղափոխվել ենք մի փուլ, որտեղ երկու երկի կառավարություններն էլ քաղաքական կամք ունեն միմյանց օգնելու և միասին ճանապարհ անցնելու։ Հայաստանի և Վրաստանի միջև առկա հարաբերություններին պետք է միս ու արյուն տալ։ Դրանք այժմ շատ բարձր մակարդակում են»,- նշեց Կոստանյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծեց նաև, որ տնտեսական հարաբերություններն ու մարդկանց միջև կոնտակտները շատ ավելի ցածր մակարդակի վրա են։ Փոխարտգործնախարարի խոսքով` նմանատիպ հարաբերությունները չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության մակարդակին։ Ըստ Կոստանյանի` դեռ բավականին շատ անելիք կա, որպեսզի հնարավոր լինի բոլոր ուղղություններով զարգացնել Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները։
Փոխնախարարը շեշտեց` փորձագիտական հանրությունը պետք է ամեն բան անի, որպեսզի երկու երկի կառավարություններին էլ օգնի զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում:

  • Կիսվել: