շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հայ կինը մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակական  կյանքում. Արցախի ԱԺ նախագահ

Հայ կինը մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակական կյանքում. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Աժ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը

«Սիրելի' մայրեր, տիկնայք և աղջիկներ,

Ջերմ զգացումներով շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: 1995 թվականից ապրիլի 7-ը նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր։ Այն մայրերին գնահատելու, մեր երախտիքն ու հիացմունքն արտահայտելու լավագույն առիթներից է։

Մեր ընկալումներում մայրությունը  սրբազան արժեք է, և հավատարմությունն այդ ավանդույթներին շարունակվում է առայսօր։ Հայ կինն իր առաքինությամբ և իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքում և հասարակական  կյանքում՝ դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման անխախտ առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից մղված սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը:

Շնորհավորանքն այս տոնի կապակցությամբ նվազագույնն է, որ մենք կարող ենք անել ձեզ համար, որպես հայ ընտանիքի, հայոց պետականության և, ընդհանրապես, հայկականի հուսալի երաշխավորների։ «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը»՝ Գարեգին Նժդեհի այս պատգամը միշտ արդիական է։

Սիրելի´ կանայք

Գնահատանքի և մեծարման այս գարնանային հիասքանչ տոնի առթիվ մաղթում եմ ձեզ անսահման սեր, երջանկություն, առողջություն: Թո´ղ գարուններն ու ժպիտները ձեր կյանքում լինեն անսպառ ու անհաշվելի, իսկ ձեր հոգատարությունը, սերը, ողջախոհությունն ու նվիրումը լինեն մեր մշտական ուղեկիցը»,-ասված է շնորհավորական ուղերձում:

  • Կիսվել: