հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել». Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է Հայրապետյանին

Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել». Անդրանիկ Քոչարյանն արձագանքել է Հայրապետյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արձագանքել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությանը, ըստ որի, իբրև թե նա, հորդորել է Հայրապետյանին լքել երկիրը։ Քոչարյանը Հայրապետյանի այդ պնդումը որակել է որպես զառանցանք։

«Ռուբեն Հայրապետյան, նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ: Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել»` չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:

Դուք, մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին: Ասեմ ավելին, նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենաք ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ ձեզ նման բան է «փոխանցել», դա էլ այն դեպքում, երբ չխախտելով գործի ընթացակարգը, ձեզ ինչ-որ բանում նախազգուշացնել կարող է միայն գործի վարույթը իրականացնող մարմինը: Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը երեկ տված իր հարցազրույցում հայտարարել էր, որ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երրորդ անձի միջոցով 10 օր առաջ հորդորել է Ռուբեն Հայրապետյանին լքել երկիրը՝ հայտնելով, որ նրան ձերբակալելու են: Հայրապետյանն ասել էր նաև, որ դա հատուկ է արվում, որպեսզի ինքը հեռանա Հայաստանից, հետո շոուն սարքեին ու ասեին, թե ինքը փախել է:

  • Կիսվել: