երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
ՀԱՊԿ-ում գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան. Փաշինյան

ՀԱՊԿ-ում գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2022-2024թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակի վերաբերյալ:

Նախքան քննարկումն սկսելը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանային իրադրությանը և նշել.

«Դուք տեղյակ եք, որ մենք դիմել ենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ընթացակարգերով որոշակի գործառույթներ իրականացնելու հարցով: Մասնավորապես, գիտեք, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ճգնաժամային իրավիճակներում արձագանքման կանոնակարգ, և մենք, այդ կանոնակարգին համաձայն, գործողություններ իրականացնելու ենք: Ընդհանուր առմամբ, մենք շարունակում ենք կոնսուլտացիաները ՀԱՊԿ շրջանակում: Գուցե գործընթացը ցանկալի արագությամբ չի ընթանում, բայց հավաքական անվտանգության մեխանիզմները կան, և մենք շարունակում ենք հետևողական աշխատանքը՝ դրանք գործարկելու ուղղությամբ:

Նաև շարունակելու ենք դիվանագիտական ջանքերի գործադրումը՝ միջազգային հանրությանը իրադրության մասին ամբողջական տեղեկատվություն տալու և Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու ուղղությամբ:

Շարունակելու ենք, բնականաբար, աշխատանքը մեր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Տեղյակ եք նաև, որ աջակցության խնդրանքով դիմել եմ Ռուսաստանի նախագահին, և կոնսուլտացիաներն այս ուղղությամբ նույնպես կշարունակվեն»,- նշել է Փաշինյանը:

  • Կիսվել: