շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀԱՊԿ-ում դիտարկվել է ՀՀ-ին ռազմատեխնիկական աջակցության հարցը. ԱԳ նախարար

ՀԱՊԿ-ում դիտարկվել է ՀՀ-ին ռազմատեխնիկական աջակցության հարցը. ԱԳ նախարար

Մեր ակնկալիքը, մեծ հաշվով, բոլոր հնարավոր գործընկերներից մեկն է՝ հասկանալի կոնտեքստում՝ իրադարձությունների տարածաշրջանային եղած, և կամ ենթադրյալ իրադարձությունների կոնտեքստում: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Հայաստանը վերջերս Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքներով լրամշակման ուղարկված այն փաստաթղթերից, որոնց Հայաստանը չմիացավ: 

«Ակնկալիքը մեկն է՝ արձանագրել հստակորեն այն, ինչ տեղի է ունեցել, իսկ դա է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքներ ներխուժում, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորում և այլն: Ըստ այդմ ակնկալիքը դա է՝ արձանագրում այս փաստի և դրանից բխող գործողությունների ձեռնարկում:

Տվյալ դեպքում, երբ խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին պետք է հատուկ ընդգծենք, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են, և ստորագրել են այդ պայմանավորվածության ներքո, պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը: Պաշտպանել  դիվանագիտական, քաղաքական եղանակներով, բայց եթե հարկ լինի՝ պաշտպանել նաև ռազմական ճանապարհով»,- ասաց Միրզոյանը:

Նա շեշտեց, որ Հայաստանը ակնկալում էր, որպեսզի ՀԱՊԿ-ի գործընկերները այս ոգով նաև վերաբերվեն ընդունվելիք որոշումներին՝

«Ինչը, ցավոք, այդպես չէր ընկալվում և այդպիսի վերաբերմունքի չարժանացավ մյուս երկրների կողմից»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը և հավելեց, որ այժմ աշխատանքները շարունակվում են:

Լիլիթ Մանասյանն էլ արձագանքելով, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ-ից եկած արձագանքներից հասկանում ենք, որ առաջարկ է եղել Հայաստանին ինչ-որ տեսակի օգնության, ի՞նչ բովանդակություն է ունեցել այդ օգնությունը:

Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց՝

«Այո՛, քննարկվող որոշման մեջ, ի թիվս այլ միջոցառումների և միջոցների, քննարկվում էր նաև Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը: Բայց, կրկնում եմ, մեզ համար առաջնայինը քաղաքական գնահատականն էր, արձանագրումը մեր դաշնակիցների կողմից, որ տեղի է ունեցել ներխուժում ՀՀ տարածք»,- ասաց Արարատ Միրզոյանը:

ԱԳ նախարարի խոսքով, որոշումը չի ընդունվել և այժմ արտաքին քաղաքական գերատեսչությունները պետք է շարունակեն աշխատել, տեսնելով, թե որտեղ է հնարավոր գալ ընդհանուր հայտարարի:

  • Կիսվել: