ՀԱՊԿ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ Մոսկվայում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ամսաթիվը ներկայումս համաձայնեցվում է, այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Մոսկվայում՝ դեկտեմբերին: Այդ մասին մարտի 5-ին Մինսկում հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ կայացած հանդիպումից հետո:
«Այժմ ամսաթիվը համաձայնեցվում է: Այս տարի ՀԱՊԿ-ը նախագահում է Ռուսաստանի Դաշնությունը, ուստիև պետությունների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա այնտեղ, ըստ երևույթին՝ Մոսկվայում դեկտեմբերին»,- Զասի խոսքերը մեջբերել է ԲելՏԱ-ն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Կազմակերպության գլխավոր քարտուղարը և Լուկաշենկոն քննարկել են ՀԱՊԿ-ի աշխատանքի տարբեր ուղղություններ, այդ թվում՝ արտաքին քաղաքական գործունեությունը և կազմակերպության գործընկերոջ ու նրան առընթեր դիտորդի կարգավիճակներ տրամադրելու վերաբերյալ բելառուսական կողմի նախաձեռնության իրագործումը:
Նաև նշվել է ՀԱՊԿ-ի երկրների միջեւ ռազմատնտեսական համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը: Գործակալության տեղեկատվության համաձայն` այդ թեման պլանավորվում է հանգամանորեն քննարկել մարտին Երևանում ռազմական տեխնիկայի եւ զենքի ցուցահանդեսի հարթակներում, որտեղ կհավաքվեն կազմակերպության երկրների ներկայացուցիչները:
«Պետք է աշխատել ՀԱՊԿ պետությունների հետ, որպեսզի հանվեն այն խնդիրները, որոնք կան ռազմատնտեսական համագործակցության ոլորտում: Դրանք քիչ չեն»,- նշել է Զասը:



