Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին
Սեպտեմբերի 17-ին Մոնրեալում՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Հայաստանյան նախագահության աշխատանքային հանդիպումների շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Բազմակողմ բանակցությունների կենտրոնի (CEMUNE) կողմից նախագահության համար կազմակերպված «COP17 Endgame» աշխատաժողովին։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են վստահության և առաջնորդության ամրապնդմանը, կողմերի միջև կոնսենսուսի ձևավորմանը, բանակցությունների արդյունավետ կազմակերպմանն ու համակարգմանը, հաղորդակցությանը, ինչպես նաև ոչ պետական դերակատարների ներգրավմանն առնչվող հարցեր։
Քննարկումների առանցքում է եղել նաև Համաժողովի ավարտից հետո Հայաստանի նախագահության շարունակական դերակատարությունը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել COP17-ի արդյունքների հետագա առաջմղմանը, կենսաբազմազանության ոլորտում ընդունված որոշումների` ազգային մակարդակով իրականացմանը, ինչպես նաև մինչև 2030թ. Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի թիրախների իրականացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովման նպատակով նախագահության հնարավոր ներգրավվածությանը։



