հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Հանուն ժողովրդի երջանկության՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է ձերբակալվել

Հանուն ժողովրդի երջանկության՝ Սերժ Սարգսյանը պատրաստ է ձերբակալվել

«Ինչպես հայտնի է՝ ոչինչից չի վախենում միայն կատարյալ հիմարը։ Ես 1988 թվականից հետո իրոք վախեցել եմ, վախեցել եմ կորցնել մեր հայրենիքի մի մասը՝ Լեռնային Ղարաբաղը, ինչը շատ մեծ և իրական վտանգ կբերեր մեր հայրենիքի մնացած և վերջին մասին համար։ Բայց տասնյակ հազարավոր նվիրյալների հետ միասին, նայելով վախի աչքերի մեջ, մենք կարողացել ենք հաղթահարել այդ վախը՝ պատերազմի՝ ձեզ հայտնի արդյունքներով»,-այս մասին այսօր Անդրանիկ Մարգարյանի քաղաքական դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով շրջանավարտներից մեկի հարցին, թե արդյոք չի՞ վախենում, որ իրեն ևս կհասնի ձերբակալությունների շղթան:

Սարգսյանը հավելեց. «Ես հիմա էլ եմ վախենում անպատասխանատու պոպուլիստների՝ մեր հայրենիքի համար կործանարար քաղաքականությունից։ Իմ անձի հետ կապված ես վախենալու որևէ բան չունեմ, եթե ինձ ձերբակալելով մեր ժողովուրդը գոհ ու երջանիկ կլինի, Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը կհամարվի ամբողջովին բացահայտված, մեր երկրին սպառնացող վտանգները կչեզոքանան, ԼՂ բանակցությունները կվերադառնան ճիշտ ուղի, թող ձերբակալեն: Ես որոշում փոխող չեմ, երբեք չեմ փոխել իմ որոշումը։ Եթե իմ բացակայությունը հասարակությունից կնպաստի, որ տնտեսական հեղափոխությունը մեծ թափ ստանա և հայրենադարձների հոսքը Հայաստան այնքան մեծանա, որ մենք դրանով ուղղակի կհպարտանանք, թող ձերբակալեն»: 

  • Կիսվել: