կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո Արթիկ, Նոյեմբերյան, Արմավիրի մարզի Արաքս և Արարատ խոշորացված համայնքներում Ապրելու երկիր և կամ Զարթոնք կուսակցության հետ կոալիցիոն գործընկերության որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել և այդպիսի հնարավորություն չի դիտարկում։ Այս մասին ասվում է «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունում, կարդում ենք․

«Կուսակցության սկզբունքային դիրքորոշումն է՝ մերժել որևէ համագործակցություն բոլոր այն ուժերի հետ, ովքեր անթաքույց կամ քողարկված աջակցում են նախկին ռեժիմի պարագլուխներ
Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, նրանց օլիգարխիկ, կիսաքրեական պրոքսիքաղաքական կեղծ ուժերին, կամ իրենց գործունեությամբ նպաստում են վերջիններիս վերակենդանացմանը։

Կուսակցությունը խստորեն մերժում և դատապարտում է որևէ համագործակցություն երրորդ երկրներից գործուղված կեղծ մեկենասների և բարեգործների քաղաքական գործունեությանը սոցիալական և տնտեսական ծանր իրադրության մեջ գտնվող Հայաստանում։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավատարիմ է գաղափարական և արժեբանական ընդհանրության շուրջ համագործակցության բոլոր ձևերին՝ հիմնված Հայաստանի ժողովրդավարացման և հիմնարար բարեփոխումների ընթացքն անշրջելի դարձնելու նպատակի վրա։

Ընտրությունների արդյունքում ստացված քվեներն ի նպաստ տեղական համայնքների զարգացման և առաջընթացի արդյունավորելու նպատակով Հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի պատասխանատու մարմինը շարունակում է համերաշխ քննարկումները նշյալ համայնքներում ընտրություններին մասնակցած մեր կուսակցության ավագանու ցուցակների առաջնորդների և անդամների հետ»։

  • Կիսվել: