երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Համալրվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները

Համալրվել են Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» գործառնությունների տնօրեն Մարինա Հովհաննիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նվիրատուներ այցելել են Բերդի տարածաշրջան՝ անձամբ ծանոթանալու սահմանամերձ համայնքների թաքստոցների իրավիճակին և հանձնելու թաքստոցների և ապաստարանների համալրման համար անհրաժեշտ հիմնական պարագաներ։

Այս տարի հուլիսին «Վորլդ Վիժն Հայաստանը» սկսել էր դրամահավաք, որի նպատակն էր կենսական միջոցներով համալրել Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։ 

Կարճ ժամանակահատվածում հնարավոր է եղել համախմբել ինչպես միջազգային կազմակերպություններին և տեղական ընկերություններին, այնպես էլ Սփյուռքի մեր հայրենակիցներին։ 

«Համալրված թաքստոցները կդառնան շատ ավելի ապահով միջավայր համայնքների բնակիչների, բայց հատկապես երեխաների համար»,- կարևորել է «Վորլդ Վիժն Հայաստանի» գործառնությունների ղեկավար Մարինա Հովհաննիսյանը:

«Ուժեղ, պաշտպանված և դիմակայուն համայնք ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում: Ապաստարանների կառուցումն ու դրանց լրացման, ամբողջացման աշխատանքներն այս պահին մարզի առաջնային հարցերից են: Կարևորելով բնակչության պաշտպանությունը հնարավոր պատերազմական գործողությունների ժամանակ՝ մենք պետք է համալրենք թաքստոցներն այնտեղ մնալու համար անհրաժեշտ պարագաներով:

Շատ ոգևորիչ է, որ կազմակերպությունները և մարդիկ միավորվում եմ այդ գաղափարի շուրջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել մեր սահմանամերձ համայնքների անվտանգության ապահովմանը, ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

  • Կիսվել: