շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչո՞ւ ես ժողովրդին սպառնում պատերազմով. Օհանյան

Համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչո՞ւ ես ժողովրդին սպառնում պատերազմով. Օհանյան

Երբ թշնամի պետությունները այլևս ուզում են խաղաղության մեջ ապրել, դառնալ հարևան պետություններ, կնքում են համաձայնագիր: Այսօր այդ համաձայնությունը չկա, Ադրբեջանը գտնվում է Հայաստանի տարածքում, ճնշումները Հայաստանի վրա շարունակվում են, դեռ ավելին՝ Ադրբեջանը հավակնություններ ունի Տավուշի տարածաշրջանում: Այս մասին այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքում քաղաքացիների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «950 կմ սահման ունենք Ադրբեջանի հետ, ինչո՞ւ ես միայն Տավուշի մարզում փորձում սահմանը զատել. ոչ մի քարտեզ չկա, ոչ մի աշխատանք չի տարվել, այդ հատվածում մենք ունենք ամուր պաշտպանություն, ունենք ռազմավարական նշանակության ճանապարհ: Համաձայնագիր չկա, սահմանազատում չես արել, ինչո՞ւ ես գնում ժողովրդին ասում այս տարածքը պետք է տամ, վախեցնում, սպառնում պատերազմով: Մենք պատերազմից վախեցո՞ղ ենք: Եթե նույնիսկ պատերազմ լինի, ինչու՞ ես դու կանխորոշում, որ մենք այդ պատերազմում անպայման պարտվելու ենք: Մենք նորից ոտքի ենք կանգնելու, և կարողանալու ենք մեր երկիրը պաշտպանել, եթե, լինի խելացի ղեկավարություն»:

Նրա խոսքով, խնդիրը միայն մեկ կամ երկու գյուղի չի վերաբերում, այլ ողջ Հայաստանին, որովհետև սահամանազատման պատճառով սահմանափակվելու է Իջևանի կապը Նոյեմբերյանի և Բերդի հետ,  ինչպես նաև, որպես  միջպետական ճանապարհ սահմանափակվում  է կապը  Իրան, Հայաստան, Ռուսաստան, Վրաստան ուղղություններով:

  • Կիսվել: