կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ՝ կառուցողական բանավեճի կամուրջները գրեթե այրված են. Արսեն Թորոսյան

Հակաժողովրդավարական ուժերը պիտի համակերպվեն ժողովրդի քվեի հետ՝ կառուցողական բանավեճի կամուրջները գրեթե այրված են. Արսեն Թորոսյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» ներքաղաքական ճգնաժամ չի տեսնում: Խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի խոսքով` մի անգամ չստացված և ժողովրդի քվեով մարած շարժումը ընդդիմությունը փորձում է նորից արթնացնել, որը ըստ նրա` հաջողություն չի ունենա: «Ազատության» հետ զրույցում պատգամավորը պնդում է` վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմությունը կեղծ օրակարգ ունի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Արսեն Թորոսյան. - Մենք ներքաղաքական ճգնաժամ չենք տեսնում, եթե շատ անկեղծ ասեմ, նույնիսկ անցյալ տարի էլ տեսնում էինք մասամբ, երբ որ գնացինք լուծումների: Եվ չի կարելի պարզապես, ասենք, 3-4 ամիսը մեկ արտահերթ ընտրություններ անել և ասել, որ քանի որ փողոցում կան մեր 12 հազար քաղաքացի կամ 50 հազար քաղաքացի, կապ չունի, մենք պետք է գնանք արտահերթ ընտրությունների: Արտահերթ ընտրությունները եղել են, եղել են ազատ և արդար, ինչպես և նախկին ընտրությունները, և կլինեն հերթական ընտրություններ 2026 թվականին, որին կարող են մասնակցել թե՛ այսօրվա ընդդիմադիր ուժերը, իմ կարծիքով` իրենք շանս չեն ունենա, իհարկե, անցնելու այլևս խորհրդարան` տեսնելով, թե ինչ են հիմա իրենք անում, թե՛ այլ ուժեր նոր խորհրդարան ձևավորելու համար:

Կարծում եմ` պետք է ողջամտությունը, այնուամենայնիվ, իրենց մոտ էլ, իրենց մտքում էլ հաղթի, և հասկանանք` ուր են գնում. ի վերջո, գալիս են կառուցողական բանավեճի, որը, ի դեպ, ես մոտավորապես համարում եմ, որ կամուրջները գրեթե այրված են այդ առումով, իրենք են այրել, ոչ մենք, թե պետք է ագրեսիվացման տանեն, որպեսզի սևերես չլինեն իրենց աջակիցների առաջ: Դա էլ, գիտեք, ինչի է բերում:

«Ազատություն». - Այդ սցենարն էլ չի՞ անհանգստացնում ձեզ…

Արսեն Թորոսյան. - Իհարկե, անհանգստացնում է, և մեզ անհանգստացնում է մեր ցանկացած քաղաքացու առողջություն, կյանք և բարեկեցություն, և նաև դրանով է պայմանավորված, որ մենք շատ ողջախոհ ենք գտնվում նույնիսկ ինչ-որ չափ սահմաններն անցնող դեպքերում և փորձում ենք զսպվածության կոչերով այդ ամեն ինչը կարգավորել, ոչ թե, օրինակ, միանգամից ոստիկանությունը ուժ է կրառում այդ դեպքերում:

«Ազատություն». - Ինչո՞ւ եք ասում, որ կամուրջները այրված են, գուցե նախաձեռնե՞ք, այնուամենայնիվ, երկխոսության փորձ:

Արսեն Թորոսյան. - Մենք պատրաստ ենք:

«Ազատություն». - Երեկ ձեզ առաջին նախագահն էլ էր նման հուշում արել` հանգուցալուծելու այս վիճակը:

Արսեն Թորոսյան. - Ախր այնքան պարզ բաների մասին ենք խոսում: Երեկ Ազգային ժողովում կար հարց ու պատասխանը, հարց ու պատասխանի ժամանակ վարչապետը պատասխանում էր իրենց իսկ տված հարցին, թողեցին, գնացին մարդիկ, սկսեցին կոչեր անել: Իրենց իրավունքն է, բայց այդ նախաձեռնելը տեղի է ունենում մեր Ազգային ժողովի առաջին նիստից: Մենք ասում ենք` եկեք, խոսենք, իրենք ասում են` ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք գնում ենք ձեր հրաժարականը պահանջելու: Պահանջեք, դա էլ է ձեր իրավունքը, բայց պահանջելու արդյունքում մենք ժամանակին տվել ենք հրաժարական, վարչապետը տվել է հրաժարական, կառավարությունը դարձել է ժամանակավոր, տեղի են ունեցել ընտրություններ, ընտրությունների արդյունքում եղել է այս պատկերը: Կլինեն նոր ընտրություններ, կլինի այլ պատկեր, իրենք կձևավորեն իշխանությունը, իհարկե ես չեմ ուզենա, որ որևէ հակաժողովրդավարական ուժ ձևավորի իշխանությունը Հայաստանում, որովհետև մենք գիտենք` դա ինչով է հղի, իրենք կլինեն իշխանություն: Չի ձևավորվի, իրենք պետք է համակերպվեն ժողովրդի քվեի հետ:

  • Կիսվել: