Գուգարքի ղեկավարի կողմից վերականգնվել է պատճառված ավելի քան 12 մլն դրամ վնասը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գուգարք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Գուգարք համայնքի ղեկավարը, 2005թ. հոկտեմբերից զբաղեցնելով նշված պաշտոնը, իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսանալով պաշտոնատար անձ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրի տարածքում Հայաստանում գործող հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կատարել է չարաշահումներ:
Այնուհետև անձամբ նախաձեռնել է հողատարածքի հատակագծման աշխատանքները և ստեղծել մրցութային հանձնաժողով, ապա ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով գլխավորելով մրցութային հանձնաժողովը՝ կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող նշված հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ, որի արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցույթի միակ մասնակից հանդիսացող իր կինը, ում հետ 2007թ. հունիսին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրվել վերջինիս։
Վարձակալության պայմանագիր կնքելուց կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1.020.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է հեռահաղորդակցական ծառայություններ մատուցող ՓԲ ընկերությանը, որի արդյունքում մինչև 2020 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ստացել է ընդհանուր 12․489.500 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել Գուգարք համայնքի իրավունքներին և օրինական շահերին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․489.500 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու և հողամասն իր նպատակային ու գործառնական նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:
Նախաքննության ընթացքում համայնքի ղեկավարը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնել է:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: