երեքշաբթի, հոկտեմբեր 27
27 / 10 / 2026
Ազգային ժողովը քննարկում է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 27-ի նիստին ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու վերաբերյալ նախագիծը:

Նախարարը հիշեցրեց, որ 2026 թվականի հունվարի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի ստեղծման կանոնադրությունը, և որ խորհրդի ստեղծման գաղափարը նոր չէր, քննարկվել էր դեռևս 2025 թվականի հոկտեմբերին՝ Եգիպտոսում կայացած Մերձավոր Արևելքի գագաթնաժողովի ընթացքում, որի շրջանակում էլ հիմնադրվել էր Խաղաղության խորհուրդը։

«Ահա հիմնադրվեց Խաղաղության խորհուրդը, որը կոչված է աշխարհի տարբեր անկյուններում ամրապնդել, հաստատել խաղաղությունը, նպաստել խաղաղությանը:

Խորհուրդն այս պահի դրությամբ ունի 28 անդամ, որոնք անդամակցում են 3 տարի ժամկետով։ Կամավոր նվիրատվությունների մեխանիզմ է սահմանված։ Որոշակի սահմանաչափ կա, որը չվճարելու դեպքում 3 տարի հետո խորհրդի նախագահը կարող է որոշել հետագա անդամակցության մասին։ ՀՀ-ն մինչև այժմ ոչ մի նվիրատվություն չի արել»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանը նաև տեղեկացրեց, որ Խաղաղության խորհուրդը հնարավորություն կտա երկկողմ զանազան շփումների համար։

«Գաղտնիք չէ, ակնհայտ է, որ այս հարթակը նաև այդ հարթության վրա շատ կարևոր խողովակ է ԱՄՆ-ի հետ, նաև մյուս անդամ պետությունների հետ քաղաքական շփումների և համագործակցության խորացման տեսանկյունից»,- ասաց նախարարը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ Խաղաղության խորհուրդը բավականին դրական ազդեցություն կարող է ունենալ տարածաշրջանային խաղաղության հաստատման վրա, նաև, ինչպես նշվեց, մշտական կապերի հաստատման՝ ուժային կենտրոնների հետ, այդ իսկ պատճառով տեսնում ենք դրա դրական դերը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հարցրեց՝ ըստ նախագծի՝ առաջին տարվա ընթացքում կանխիկ 1 մլն դոլա՞ր պետք է վճարի, անդամավճա՞ր պետք է լինի, Արարատ Միրզոյանն արձագանքեց՝ խոսքը կամավոր նվիրատվության մասին է։

  • Կիսվել: