ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գործող մեխանիզմը բավականին հաջող է․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ ՀՀ նախագահին

Գործող մեխանիզմը բավականին հաջող է․ Արարատ Միրզոյանի արձագանքը՝ ՀՀ նախագահին

Այն, ինչ առաջարկում է Հանրապետության նախագահը, ենթադրում է Սահմանադրության փոփոխություն, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով նախագահի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահը երեկ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ լավ կլիներ, եթե ՀՀ նախագահը ՍԴ դատավոր ուղիղ նշանակելու լիազորություն ունենա։

«Դուք գիտեք, որ ստեղծված է Սահմանադրական փոփոխություններ մշակող, քննարկող հանձնաժողով և կարծում եմ, հանրապետության նախագահը կարող է պաշտոնապես գրավոր, բանավոր դիմի այդ հանձնաժողովին։ ԱԺ-ն ևս այդ հանձնաժողովում ունի ներկայացուցիչներ և որքանով տեղեկացված եմ, այնտեղ քննարկում են ամենատարբեր առաջարկներ, մոտեցումներ։ Ինչպիսին կլինի հանձնաժողովի վերջնական առաջարկը, Աստված գիտի», -ասաց Միրզոյանը։

Լրագրողի կոնկրետ հարցին՝ ինչպես վերաբերում նախագահի ՍԴ դատավոր ուղիղ նշանակելու լիազորություն ստանալու մասին առաջարկին, ԱԺ նախագահը արձագանքեց․

«Կարծում եմ՝ գործող մեխանիզմը բավականին հաջող է»։

Նշենք, որ գործող մեխանիզմով ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուին ԱԺ-ին ներկայացնում են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը։ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է ՍԴ դատավոր։

  • Կիսվել: