երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գործող իշխանությունը օր առաջ պետք է հեռանա. "Լուսավոր Հայաստան" կուսակցության անդամ

Գործող իշխանությունը օր առաջ պետք է հեռանա. "Լուսավոր Հայաստան" կուսակցության անդամ

Այն, որ գործող իշխանությունը՝ ներքին պառակտման, քիչ թե շատ գործող սոցիալական ինստիտուտների քանդման նպատակամղված քայլերով, տգիտության մեծարման, վախի, փոքրոգիության և դրանցից ծնված ատելության իր քարոզով, ամենավտանգավոր սպառնալիքն է հայկական պետականության ու Արցախի հարցի հայանպաստ լուծման համար, կասկածից վեր է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության անդամ Տարոն Սիմոնյանը։ 

«Կասկածից վեր է նաև, որ նրանք օր առաջ պետք է հեռանան՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Արցախի շարունակականության։

Եվ այդպես էր ոչ միայն հիմա, այլև վերջին մի քանի տարում, երբ դրա մասին անընդհատ բարձրաձայնում էի հնարավոր բոլոր հարթակներում, այդ թվում՝ այն ժամանակ, երբ այսօրվա դիմադրության շատ մասնակիցներ վատաբանում էին ինձ դրա համար։

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ չի կարելի թույլ տալ, որ հեռացող իշխանության տեղը զբաղեցնեն այն ուժերը, ում «բացառիկ ջանքերի»՝ թերացումների, մեծամտության ու պատասխանատվության զգացման բացակայության շնորհիվ հնարավոր եղավ, որ նման անձինք ոչ միայն երևակայեն, որ կարող են իշխանություն ունենալ, այլ նաև փաստացի ունենան ու չարաշահեն այն ...

Ամեն դեպքում, զգույշ լինենք, որ միմյանց ծնող ու սնող ուժերի ռոտացիա չլինի մարդկանց ազնիվ ու հայրենանվեր մղումների հետևանքով։

Առավել ևս, որ դրա փորձն արդեն ունենք ...»,- գրել է նախկին պատգամավորը։

  • Կիսվել: