երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի

Գործարար Խաչատուր Սուքիասյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանին եւ 6 լրատվամիջոցի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Սուքիասյանը, բացի Սեյրանյանից տարբեր հայցադիմումներով դատի է տվել՝ «Փաստինֆո»-ին, «168 ժամ»-ին, «Արմդեյ էյեմ»-ին, «Նյուզ Էյեմ»-ին, «Ասեկոսե»-ին, «Մեդիա պլյուս»-ին:

Գործարարը ընդհանուր առմամբ 7 հայցադիմումներում էլ պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել, զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքել, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել, գրում է Armtimes.com-ը։

Հայցերը ներկայացվել են ապրիլի 19-ին:

Խաչատուր Սուքիասյանի ներկայացուցչից չհաջողվեց պարզել հայցի մանրամասները: Ուսումնասիրելով վերջին շրջանում գործարարի մասին տվյալ լրատվամիջոցների հրապարակումները՝ պարզեցինք, որ հղում անելով տելեգրամյան ալիքներից մեկին գրվել է, թե նրա ձեռք բերած «Ռան Օյլ» բենզալցակայաններում անորակ բենզին է վաճառվում: Բացի այդ մի այլ հոդված էլ կար այն մասին, թե գործարարը հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

ՀԺ-ն Սուքիասյանի ներկայացուցիչ Գորիկ Միրզոյանից հետաքրքրվեց, թե նշվածներից ո՞ր հրապարակման հետ են կապված հայցերը, վերջինս ասաց, որ 2 հրապարկման հետ կապված էլ հայցեր կան:

  • Կիսվել: