չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գերմանիայի հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով լուրջ դեր են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար. Վարդանյանը՝ Շտուրմին

Գերմանիայի հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասով լուրջ դեր են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար. Վարդանյանը՝ Շտուրմին

Չափազանց կարևորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների բազմակողմ և բազմավեկտոր զարգացումը: Ուրախ ենք արձանագրել, որ վերջին շրջանում երկու երկրների միջև համագործակցությունը դինամիկ զարգացում է ապրում: Գերմանիան մեզ համար նաև դաշնային կառավարման լավագույն օրինակներից մեկն է, և մենք չափազանց կարևորում ենք նաև համագործակցությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների և Գերմանիայի երկրամասերի միջև: Սաքսոնիա-Անհալթ երկրամասը, հասակակից լինելով ՀՀ-ին, կարևոր դերակատարում ունի Հայաստանի և Գերմանիայի տնտեսվարողների միջև զարգացման գործում. ողջունելով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը՝ ասել է Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին, որին մասնակցել են նաև Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները:

«Մենք պատիվ ենք ունեցել լինել Սաքսոնիա-Անհալթ երկրամասում և Հայաստանի մշակութային օրերի շրջանակում  ներկայացնել Հայաստանը»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը:

Դանիել Շտուրմը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ գործընկերությունը միայն թղթի վրա չէ գրված: «Մենք երեկ արդեն եղել ենք Արմավիրի մարզում, այցելել Արմավիրի դպրոցներից մեկը, որտեղ գերմաներենի ուսուցման մակարդակը շատ բարձր է: Հանդիպել և զրուցել ենք Արմավիրի մարզպետի հետ»,- ասել է պատվիրակության ղեկավարը:

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորել է հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, նշելով, որ գնահատելի է այն, որ յուրաքանչյուր երկրի տարածքային համաչափ զարգացման շրջանակում երկրամասերի հարաբերություններն են զարգանում: Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին, որ այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի կողքին են: Սեյրան Օհանյանը, խոսելով տարածաշրջանային անվտանգության հարցերի մասին, ներկայացրել է Ադրբեջանի կողմից իրականացվող հանցագործ գործունեությունը՝ Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ պահելու հանգամանքը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ վերջին շրջանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարի կողմից արված մի շարք հայտարարությունները Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ լուրջ դերակատարություն են ունեցել իրավիճակի համաեվրոպական ընկալման համար: Նա շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին 2 մլն եվրո հատկացնելու համար:

«Գերմանիան չափազանց բալանսավորված դիրքորոշում ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների վերաբերյալ: Սակայն այսօր Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում ունենալ բալանսավորված դիրքորոշում, նշանակում է բալանսավորել ագրեսորին զոհի հետ»,- նշել է Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով. «Մեր խնդրանքն է հնարավորինս դաշնային  մակարդակով փորձել սատարել հայ ժողովրդավարական արժեքները և միջազգային իրավունքի հիման վրա հայ ժողովրդի ներկայացրած արդար պահանջները»:

Զարուհի Բաթոյանը շեշտել է Գերմանիայի դերը ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության իրականացման  շրջանակում՝ նշելով, որ հայ ժողովուրդը փխրուն հարաբերական խաղաղության պայմաններում անգամ բարձր է գնահատում այդ գործոնը:

Կողմերը քննարկել են նաև կրթությանը, մշակութային համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր:

  • Կիսվել: