երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան

Գերիների վերադարձը ժամերի կամ օրերի հարց է, այն տեղի կունենա հայ–ադրբեջանական սահմանին․ Խանդանյան

Ես կխուսափեմ որեւէ անուն հնչեցնել, նախ մանրամասներին ծանոթ չեմ, բացի այդ, շատ զգայուն թեմա է եւ մինչեւ գերիները չհատեն ՀՀ պետական սահմանը,  նաեւ լրատվամիջոցներին խորհուրդ կտայի չշրջանառել անուններ, որովհետեւ հասկանում եք՝ ինչքան բարդ  կարող է սա լինել գերիների հարազատների համար:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածած համատեղ հայտարարությանը:

«Մինչեւ չհատեն գերիները ՀՀ սահմանը, կարծում եմ՝ Հայաստանը չի կարող հստակ բան ասել: Գերիների վերադարձը պետք է տեղի ունենա շատ մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է»,-ասաց նա՝ հավելելով, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։

Խանդանյանը հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողը։

Ինչ վերաբերում է բոլոր գերիներին վերադարձնելու հարցին, ապա պատգամավորը նշեց. «Սա գործընթացի մի մասն էր, և որոշակի արդյունք կա այս գործընթացի հետ կապված, և ՀՀ կառավարությունը շարունակելու է աշխատանքներ տանել թե՛ դիվանագիտական ճանապարհով, թե՛ իրավական դիվանագիտության ճանապարհով, որ բոլոր գերիները և այլ պահվող անձինք, որոնք Ադրբեջանում են, նմանատիպ գործընթացի արդյունքում ևս վերադառնան»:

Հիշեցնենք, որ ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ հայտարարությամբ Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

  • Կիսվել: