հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գեղամյանը՝ «Դոսյե»-ում իրեն առնչվող տեղեկությունների մասին

Գեղամյանը՝ «Դոսյե»-ում իրեն առնչվող տեղեկությունների մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը չի մեկնաբանում «Դոսյե Կենտրոնի» կատարած հետաքննության մեջ իր մասին տեղեկությունները։

«Ներողություն եմ խնդրում, բայց ոչ մի լրատվամիջոցի մեկնաբանություն չեմ տալիս։ Ես այդ մասին հոդված եմ գրում, որը շուտով կհրապարակվի», -InfoPort.am-ին ասաց Գեղամյանը՝ հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում հետաքննության մեջ իր անվան հրապարակումը։

Հարցին, թե որտեղ է հրապարակվելու հոդվածը, Գեղամյանը պատասխանեց, որ չգիտե, հավանաբար՝ իր ղեկավարած կուսակցության կայքէջում։

Հիշեցնենք՝ ռուս վտարանդի գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե-Կենտրոնը հետաքննություն էր իրականացրել՝ ուսումնասիրեով՝ ասնյակ գաղտնի փաստաթղթեր, վերլուծական զեկույցներ և օպերատիվ ամփոփագրեր:

Ըստ աղբյուրի, Հայաստանում գեներալ Վ․ Չերնովի գլխավորած Ռուսաստանի Արտաքին հետախուզությունը «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց է գործի դրել Հայաստանում՝ և՛ ակնհայտ, և՛ շատ ընդհատակյա:

«Նրանք արմատներ են գցել համարյա բոլոր պետական կառույցներում` կառավարությունում, խորհրդարանում, հատուկ ծառայություններում, Արտաքին գործերի նախարարությունում», - նշվում է զեկույցում։ Աղբյուրը ՀՀ ԱԱԾ-ն համարել է ռուսականի՝ Լյուբյանկայի մասնաճյուղ և որպես դրա ղեկավարները հիշատակում Գեորգի Կուտոյանին, Արթուր Վանեցյանին։

Ըստ աղբյուրի, քաղաքական գործիչներից, ներդրված գործակալներից, ռուսամետ լրագրողներից ու փորձագետներից բացի, ըստ հետաքննության, Կրեմլի հետ սերտորեն աշխատում են նաև որոշ հասարակական կազմակերպություններ: Դրանցից մեկը` Լազարևյան ակումբը, օրինակ, ձևավորվել է Թավշյա հեղափոխությունից հետո, ռուսական կողմից։ Ըստ «Դոսյե»-ի, այն համակարգում է Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, անդամակցողների շարքում են Զորի Բալայանը, ով տարիներ առաջ նամակ էր գրել նախագահ Պուտինին, ու պնդել` Ղարաբաղի հարց չկա, կա Ռուսաստանի հարց, Հանրային խորհրդի նախկին ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՀԿ նախկին պատգամավոր Արտաշես Գեղամյանը, որը ամեն շաբաթ ակումբի կայքում քարոզչական հոդվածներ է հրապարակում, որոնցից մեկն, օրինակ, վերնագրված է` «Գլոբալիստների նախագիծը`Նիկոլ Փաշինյանը, ֆիասկո ապրեց. ինչ է լինելու հետո»:

  • Կիսվել: