հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում շուրջ 10 ժամ հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով․ Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում շուրջ 10 ժամ հարցաքննվել է Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով․ Փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ քրեական գործով կարգավիճակ չունի, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծառուկյանի ներկայացուցիչ, շահերի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Ավելին, նրա պնդմամբ, երեկ՝ հունիսսի 14-ին ԱԱԾ-ի կողմից հայտարարված երեք տարբեր քրեական գործերի հետ Ծառուկյանը որևէ առնչություն չունի:

Փաստաբանը ներկայացրեց, որ ԱԱԾ քննչական դեպարտամենոտւմ հարուցված ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ քրեական գործով սխալ տվյալներ է ներկայացնում քննչական մարմինը, քանի որ մեկ մեծ համալիրում մատուցվում են տարբեր ծառայություններ։

«Կա կառավարության որոշում, որով 40 մլրդ դրամ ներդրում անելու դեպքում այդտեղ կազմակերպությունը իրավունք է ստացել խաղատուն հիմնել։ Աուդիտի հիման վրա պարզվել է, որ այդտեղ ոչ թե 40 այլ 65 մլրդ դրամի ներդրում է կատարվել։ Խուզարկության ժամանակ փորձ է արվել ներկայացնել, որ «Շանգրի լա»-ի տարածքում երկու խաղատուն է գործում։ Բայց նրանց բացատրվում է, որ դա խաղատան խաղասրահներից մեկն է, այդ ներդրումը կատարվել է ընդհանուր մեկ տարածքի վրա։ Հիմա ասում են, որ երկու խաղատուն է գործում և փորձում են իրենց ուզած լույսի ներքո ներկայացնել», - ներկայացրեց փաստաբանը։

Նրա խոսքով, այս խաղատան հետ կապված շուրջ վեց ամիս առաջ ևս ստուգումներ են իրականացվել, սակայն այն ժամանակ քրեական գործի վերաբերյալ որևէ խոսք կամ ակնկարկ չի եղել։ Փաստաբանն ասաց նաև, որ աշխատողներն էլ իրենց գրությամբ ասել են, որ խաղասրահը գործում է խաղատան կազմում։

Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի կողմից ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ հարուցված քրեական գործին, որը նույնպես առնչվում է Գագիկ Ծառուկյանին, փաստաբանն ասաց, որ այդ քրեական գործը հարուցվել է 2020-ի փետրվարին։ Սակայն փաստաբանի խոսքով, այս ընթացքում որևէ անգամ իրավապահները որևէ հարցաքննության չեն հրավիրել, որևէ զարգացում քրեական գործով չի եղել։

Մեր հարցին, թե արդյոք այս գործերով Ծառուկյանի դեմ ցուցմունք եղել է, փաստաբանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե նրա դեմ ցուցմունք տված լինեին, ապա առերեսման անհրաժեշտություն կլիներ, իսկ նման բան չի եղել։ Այդուհանդերձ, երեկ Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ-ում շուրջ տասը ժամ հարցաքննվել է միանգամայն այլ քրեական գործի շրջանակներում։

«Պարոն Ծառուկյանը երեկ ԱԱԾ-ում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեկան գործով կասկածանքի շուրջ։ Գալիս են խուզարկության, հրավիրում են հարցաքննության, բայց պարզվում է միանգամայն այլ քրեական գործով ենք հարցաքննվելու», -նշեց փաստաբանը։

Հարցին, թե ինչո՞ւ է այդքան երկար տևել հարցաքննությունը՝ շուրջ 10 ժամ, փաստաբանը պատասխանեց․

«Դե մինչև գնացինք, ծանոթացանք՝ ով պետք է հարցաքններ, հետո հարցաքննությունը եղավ, հանգստացանք, ընդմիջում արեցինք, նորից շարունակվեց հարցաքննությունը։ Ամեն ինչ կատարվել է միայն օրենքի տառին համապատասխան, գործընթացը եղել է նորմալ»։

Փաստաբանն ասաց, որ այս քրեական գործի մասով իրենք որևէ մտահոգվելու տեղիք չունեն և բոլոր հարցերին սպառիչ պատասխանները տրվել են։

«Մեզ համար զարմանալի է, որ խուզարկությունից հետո հարցաքննությունն իրականացվել է միանգամայն այլ քրեական գործով, բայց մեզ համար որևէ խնդիր չկա, մենք պատրաստ ենք եղել ու պատրաստ կլինենք մասնակցել քննչական գործողություններին, դրանից պարոն Ծառուկյանը չի խուսափել», - հայտարարեց փաստաբանը։

Հետաքրքրվեցինք, թե խուզարկության արդյունքում Ծառուկյանի առանձնատնից ի՞նչ է առգրավվել, փաստաբանն ասաց, որ դրանք եղել են կրիչներ, ինչ-որ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ցուցակներ, համակարգիչ, որը եղել է Ծառուկյանի որդու համակարգիչը։

  • Կիսվել: