շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
«Գաղտնի» փաստաթղթի մի շարք կետեր, դե ֆակտո, իրագործված են․ Էդմոն Մարուքյան

«Գաղտնի» փաստաթղթի մի շարք կետեր, դե ֆակտո, իրագործված են․ Էդմոն Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ համացանցում օրերս հրապարակված հայտարարության մի տեքստի, որն առնչվում է Սյունիքին, որը, իբր, գաղտնի կնքվել է դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ը:

«Մենք իշխանություններից պահանջում ենք հոդաբաշխ բացատրություն տալ, որովհետև այն փաստաթուղթը, որը հրապարակվել է, միայն տեքստն է, չկա ստորագրություն հայկական կողմից, և չգիտենք՝ ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Եթե անգամ դա ստորագրված լինի գործադիրի ղեկավարի կողմից, սա ոչ միայն հակապետական փաստաթուղթ է, այլև իրավունքի կոպիտ խախտում ունեցող փաստաթուղթ»,- նշեց Սիմոնյանը:

Էդմոն Մարուքյանն էլ նշեց, որ փաստաթղթի մի շարք կետեր, դե ֆակտո, իրագործված են․ «Մենք հիմնավոր կասկած ունենք դա կամ բանավոր պայմանավորվածությամբ իրականացվածի տեքստն է, միգուցե չստորագրված, կամ ստորագրված։  3 օր է այդ նյութը տարածվում է, բա՞րդ է իշխանության համար հերքել, եթե նման բան չկա։ Անգամ պետք է քննություն իրականցվի, թե ինչպես է այդ փաստաթուղթը ընկել մեդիադաշտ, այստեղ ազգային անվտանգության խնդիր էլ կա»։

Նշենք, որ վերջին օրերին ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի օգտատերերի կողմից տեղեկություն տարածվեց, որ ներկայիս իշխանությունները Հայաստանի անունից ստորագրել են մեկ այլ փաստաթուղթ Արցախի տարածքների հանձնման մասին (Խորհրդային Ադրբեջանի Զանգելանի և Կուբաթլիի շրջաններ):

Նշվում է, որ այս «փաստաթուղթը» ուժի մեջ է մտել դեկտեմբերի 18-ին, կարելի է ենթադրել, որ Ադրբեջանի կողմից Խծաբերդի շրջանում ժամկետից 5 օր առաջ տարածքների ու ռազմագերիների բռնագրավումը կապված էր հենց թիկունքի մաքրման հետ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ հայտարարություններից և ներկայացված փաստաթղթերից բացի, Գորիս-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ կա ևս մեկ պայմանավորվածություն, քանի որ այնտեղ ճանապարհն անցնում էր վիճելի հատվածներով: Փաստաթուղթը գաղտնի է։ Իշխանական պատգամավորը նշեցին, որ փաստաթուղթը իրական չէ։

  • Կիսվել: