շաբաթ, հոկտեմբեր 31
31 / 10 / 2026
Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը և ԱՄՆ-Իրան բանակցությունները

Ֆիդանն ու Ռուբիոն քննարկել են Ուկրաինայում պատերազմը և ԱՄՆ-Իրան բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն Ատլանտայում՝ G20-ի երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում, հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի իր աղբյուրները, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները, Գազայի հատվածում տիրող իրավիճակն ու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։

Ռուբիոն Ֆիդանի հետ հանդիպումը որակել է «հիանալի»։ ԱՄՆ պետքարտուղարը X սոցիալական ցանցում գրել է, որ քննարկվել են երկկողմ համագործակցության հետագա խորացման ուղիները՝ աշխարհում խաղաղությունն ու կայունությունն ամրապնդելու նպատակով։

Հանդիպումը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից հետո։ Հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր։ Էրդողանը հայտնել է Անկարայի պատրաստակամությունը՝ աջակցելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև դիվանագիտական գործընթացի վերսկսմանն ու բանակցությունների միջոցով պատերազմի ավարտին։

Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էրդողանի հրավերով շաբաթ օրը պետք է աշխատանքային այցով ժամանի Թուրքիա։

  • Կիսվել: