չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայ ցուցարարների դեմ ռասայական հողի վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է հայ ցուցարարների դեմ ռասայական հողի վրա հարձակումը

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը խստորեն դատապարտում է երեկ Վալանս տանող ճանապարհին ազգությամբ հայ խաղաղ ցուցարարների դեմ ռասայական խտրականության հողի վրա իրականացված հարձակումը, որի հետևանքով կան տուժածներ և մարմնական վնասվածքներ ստացողներ։

Այս մասին ասվում է դեսպանության էջում տեղադրված հայտարարության մեջ՝ նշվելով, որ բռնության յուրաքանչյուր դրսևորում, առավել ևս՝ խաղաղ ցույց անող քաղաքացիների նկատմամբ, որևէ պարագայում չի կարող ընդունելի լինել։

Միևնույն ժամանակ, դեսպանությունը կոչ է անում Ֆրանսիայում բնակվող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներին չտրվել որևէ սադրանքի՝ հավատարիմ մնալով ֆրանսիական օրենսդրության պահանջներին։

Ֆրանսիաբնակ հայերը երեկ փակել էին դեպի Վալանս տանող ճանապարհը եւ խաղաղ ակցիա էին իրականացնում։ Նրանց գլխավոր պահանջը Ֆրանսիայի իշխանություններից Արցախի անկախության ճանաչումն է։ Պահանջում են նաեւ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչության, հիվանդանոցների եւ եկեղեցիների չթիրախավորման, ինչպես նաեւ՝ հայ գերիների կյանքի անվտանգությունն ապահովելու համար։ Ակցիայից անցել էր մոտ 30 րոպե, երբ ճանապարհի հակառակ կողմից 5 թուրք դանակներով եւ մուրճերով հարձակվել էր հայերի վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժել է 10 հայ, որոնց թվում են նաեւ կին եւ անչափահաս։

Թուրքերի հարձակումից տուժած հայերից 2-ի վիճակը ծանր է:

  • Կիսվել: